«Կա ազգը բարոյալքելու երկու միջոց՝ պատժել անմեղներին և չպատժել մեղավորներին»
Ֆրիդրիխ Էնգելս

Որևէ կերպ չեմ փորձի մեղավորների կամ անմեղների շարքին դասել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, իրավական գնահատականը թողնենք իրավապահներին ու փորձենք այս երևույթի քաղաքական գնահատականը տալ։ 

Մարդիկ հարց են տալիս․ երբ դեռ ընդդիմադիր Փաշինյանը Գագիկ Խաչատրյանին համարում էր երկրի թիվ երկու օլիգարխն ու կոռուպցիոները, ինչո՞ւ մեկուկես տարի տևեց արդեն «բացահայտվածը» բացահայտելը։ Կամ էլ այդ դեպքում ի՞նչ ճակատագրի է արժանացել Փաշինյանի մատնանշած թիվ մեկ օլիգարխը՝ Սամվել Ալեքսանյանը։ Պարզվում է՝ դարձել է թիվ մեկ բարեխիղճ հարկատուն, հաջողակ գործարարը, դա էլ մեզ քիչ էր, արժանացել է Ասպետի տիտղոսի։ Դե, հասկանալի է, քանի որ ընդունել է նոր իշխանությունների խաղի կանոնները։ Ուրեմն՝ Խաչատրյանն էլ ուներ ընտրության հնարավորություն՝ թիվ երկու բարեխիղճ գործարար, թե՞ թիվ երկու բանտարկյալ։ Նա ընտրեց վերջինը, ավելի ճիշտ՝ իր համար ընտրվեց վերջինը։

Երկրորդ հարցադրումը․ ինչո՞ւ Խաչատրյանը չմեկնեց Հայաստանից ու չթաքնվեց մի ապահով երկրում։ Գուցե իշխանությունները նրա գլխի տակ փափուկ բարձ էին դրել, թե նա խնդիր չունի, այսինքն՝ այժմ իրավիճակ է փոխվել, ու Փաշինյանը պայմանավորվածություն է խախտել, թեկուզ չգրված, ինչը վատ ազդակ է մյուս գործարարների համար՝ ներսի թե դրսի, այն դեպքում, երբ ընդամենը վերջերս Գագիկ Խաչատրյանի անունը կապվում էր մեր երկրում խոշոր ներդրումային ծրագրի մեկնարկի հետ։ Ավելին՝ Խաչատրյանի Ucom-ն ընդամենը հարյուր օր առաջ է հայտարարել, որ թողարկում է դոլարային ու դրամային պարտատոմսեր՝ դրանով իսկ ազդարարելով, որ ոչ միայն ընկերությունը կայուն զարգացող է, այլև չունի խնդիր իշխանությունների հետ, այլապես հեռանկարային պլաններ չէր կազմի։ Էլ չեմ խոսում, որ Գագիկ Խաչատրյանը բարեխղճորեն վճարել էր իր «փրկագինը» վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Իսկ եթե համարենք, որ Խաչատրյանը չէր պատրաստվում երկիրը լքել, ապա ի՞նչ իմաստ ունի չփախչողին նստեցնել։ Սա էլ վատ ազդակ է մյուսների համար, որ եթե մնացել եք ու պատրաստ եք պաշտպանել ձեր իրավունքները, ապա ի նկատի ունեցեք, որ արդար դատաքննության վրա հույս դնել չի լինի, ինչին ծանոթ ենք այլ քրեական գործերից, դատարանները շրջափակելուց ու դատավորներին հրաժարականներ պարտադրելուց։

Ուշագրավն այն է, որ Աննա Հակոբյանը չի խորշում հասկացնելուց, որ եթե գործարարները չմուծվեն իր հիմնադրամներին, ապա խնդիրներ կունենան, իսկ երբ մուծվում են, ապա դա չի նշանակում, որ խնդիրներ չեն ունենա կամ էլ ունենալու դեպքում կարող են Աննայի աջակցությունն ակնկալել։ Թեպետ այս հարցում տիկին Աննան օրիգինալ չէ, դա կոչվում է ռեկետ, ինչին ծանոթ ենք երկար տարիներ։ Բայց մտահոգիչն այն է, որ անգամ իտալական մաֆիան՝ «Կոզա նոստրան», կամ էլ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո ձևավորված ռուսական մաֆիան սերտաճած չէր (չէ) իշխանության հետ։ Գուցե տարբեր ժամանակներում տարբեր արդյունավետությամբ են պայքարել ռեկետի դեմ, բայց երբեք այն չի բարձրացվել պետական քաղաքականության մակարդակի, ինչպես մեզանում է։ 

Իսկ գուցե Գագիկ Խաչտրյանից Ucom-ը խլելու ցանկություն կա, դրա համար են վրան քրեական գործ բացել, չէ՞ որ վարչապետն, ընտանյոք հանդերձ, զօրուգիշեր մամուլից են բողոքում, ցանկանում են մի մասը փակել, մյուսներին՝ կանոնակարգել, մի մասի ֆինանսավորողներին էլ բացահայտել, իսկ Ucom-ի կաբելային հեռուստատեսությունը բավական դինամիկ կերպով է զարգանում, ու եթե չլինի իշխանությունների կողմից կառավարելի, կարող է վտանգ ներկայացնել վերջիններիս համար, երբ իշխանությունները փորձում են անգամ օրենքի ուժով արգելել, որպեսզի մասնավոր հեռուստաընկերություններն օգտվեն պետական հեռուստաաշտարակից։ Ու չկարծեք, թե հաշվի չեն առել, որ մասնավոր հեռուստաընկերությունները կարող են հեռուստաաշտարակ կառուցել։ Այդ դեպքում իշխանություններն անմիջապես կհարցնեն, թե որտեղի՞ց այդքան գումար։ Իսկ եթե ասեն, որ դրսից իրենց գործընկերներն են տվել, ապա դեմագոգիա կսարքեն, թե՝ եթե դրսից են վճարում, ուրեմն՝ այդ ալիքները ծառայելու են ոչ թե մեր երկրին, այլ դրսին։

Մի խոսքով՝ սա այն դեպքն է, որ հասարակությանն ասում են՝ ցանկանում եք թալանածը վերադարձնել, բա հիմա ինչի՞ց եք դժգոհում, իսկ հասարակությունը պատասխանում է՝ թալանածը վերադարձնել ուզում ենք, բայց այս գնով չենք ուզում, որ այնպիսի քաղաքականություն վարեք, որ բյուջե մուտքագրված գումարներից շատ ավելի փող կորցնենք ներդրումների նվազման, կապիտալի ու գործարար աշխատուժի արտահոսքի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել