Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհների լուսանկարներն է հրապարակել, որոնք արվել են տիեզերքից: Լուսանկարները նա հրապարակել է Twitter-ի իր էջում:
«Ծուխը, որ երևում է, տարածվել է հազարավոր կիլոմետրերի վրա, տասնյակ այրվող օջախներ Ամազոնի անտառներում»,- գրել է նա:
Բրազիլիայի տարածքում Ամազոնի անտառային հրդեհները սկսվել են օգոստոսի սկզբին, որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:
G7-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են դրամական օգնություն տրամադրել անտառային հրդեհների դեմ պայքարի համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմը հրաժարվել է օգնությունից:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: