Զարմանում եմ երբեմն, երբ մեկնաբանություններում հանդիպում եմ դատողությունների, որոնց պարզությունը ինձ համար դառնում է անըմբռնելի։ Իմ գրառումներից մեկում, որը վերնագրել էի «ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ՉԵՆՔ ԿԱՆԳՆՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ», ուրախությամբ նկատել էի, որ եղել են բազում մեկնաբանություններ, սակայն, չգիտեմ ինչու, դրանցում առկա էին տրամաբանության ոչ այն կերպը, որը ես էի պատկերացնում։
Երբ խոսում ենք ազգային արժեքների մասին, դա չի նշանակում հայի արարած, ստեղծած նյութական իրեղեն գործը անպայման քեզ մոտ պիտի լինի։ Եթե Շարլ Ազնավուրը Ֆրանսիայի քաղաքացի է, չի նշանակում` նա չի կարող հայ լինել։ Ազգային արժեք նշանակում է այն, ինչ քո ԱԶԳ-ին է պատկանում, քանի որ նա է ստեղծել կամ ստեղծում։ Նրա ստեղծագործ ոգին խոսում է քո ոգու մասին, քանի որ գենետիկորեն նաև դու ես դրա կրողը։ Ահա սա չգիտակցելով է, որ մենք չենք արժևորում որևէ ազգային կարևորագույն խնդիր։ Ժամանակին Ն. Մառը Հայաստանում կատարած պեղումների ժամանակ ամեն հայտնաբերած իր տարավ իր հետ Վրաստան, և նրանք՝ վրացիները, դարձան մեր փաստացի պատմական արժեքների տերը, մենք մնացինք լուռ։ Այսօր տարբեր տեղերից գալիս են մեր երկիր, պեղումներ են կատարում մեր երկրում, թե ինչ է լինում այդ գտածոների ճակատագիրը, ոչ մեկին չի հետաքրքրում, այնպես, ինչպես մեզ այսօր չեն հետաքրքրում մեր ՔԱՐԱՀՈՒՆՋԸ, ՄԵԾԱՄՈՐԸ, ՇԵՆԳԱՎԻԹԻ գտածոները, Էրեբունին, Կարմիր բլուրը և սրա նման բազում, բազում ԳԱՆՁԵՐ։ Մշակութային արժեքները պայման չէ, որ մեզ մոտ լինեն, որ մերը կոչվեն։ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին այսօրվա Հայաստանի տարածքում չէ, չի նշանակում` մերը չէ, Սուրբ Թադեի վանքը Պարսկարստանում է, չի նշանակում` մերը չէ։ Ազգային արժեքները քոնն են, երբ դու քո հոգում ունես դրա նկատմամբ քո համոզվածությունը, ընկալված, հավատամք դարձած համոզումը։ Սակայն ցավում եմ, սովետական ապազգային ժամանակաշրջանը կարծեք միայն մեր վրա ազդեց այնպես, որ մենք կորցրեցինք մեր ամեն ինչը. ազգային արժեքները, լեզուն, մշակույթը, պատմությունը, ավանդությունները, գիտակցությունը, պատկանելությունը և սրանց նման բազում այլ բաներ։ Չենք հասկանում, որ այլոց պատմության մեջ մեր առկայության յուրաքանչյուր դրվագ, ուր փայլում է հայի անունը, ինքնագիտակցության հրավառություն պիտի առաջացնի մեզանից յուրաքանչյուրի հոգում։ Ասեք աշխարհի մեկ այլ ժողովուրդ, որը տարաբնույթ ազգերի պատմության մեջ այդքան փառքի և փառաբանությունների արժանացած լինի, ինչպես մեր պարագային է եղել։ Սա թող չնկատվի որպես սին, դատարկ և անհիմն շեփորահարություն։ Քավ լիցի։ Ես վկայում եմ այն, ինչին ծանոթացել եմ իմ հովվագործության 26 տարիների ընթացքում` պաշտոնավարելով եվրոպական տարբեր երկրներում և մոտիկից ծանոթանալով, թե տվյալ երկրում ինչ դեր են խաղացել հայերը։ Իմացեք, մեր նախնիների ստեղծած ամեն ինչի տերը մենք ենք, կարևոր չէ, թե այդ իրը նյութապես չի գտնվում մեր երկրում, սակայն նրա մեջ հայի գենի հանճարն է, տաղանդն է, և մենք՝ որպես նրանց ժառանգները, պարտավոր ենք հենց այդ գենի կրողները լինել և ոչ թե նարկոմանիայի, բենզինոմանիայի, սեքսոմանիայի, պեդոմանիայի, փողամանիայի։ Ազգը, որն արարել է և արարել գիտե, իր մեջ պիտի պահի արարման ոգու հանճարեղ գենի կրողի հավատամքը և դրա տերը լինելու գիտակցությունը։ Քաղաքացիությունը չի որոշում հայի գենը, այլ՝ իր երկունքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/265687583572094?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել