Վարչապետի Ջերմուկ կատարած այսօրվա այցի մասին

Աչքովս ընկավ, թե ինչպես է վարչապետի խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը, Ջերմուկի հրապարակում հավաքված, իրենց օբյեկտիվ խնդրով բարկացած քաղաքացների մոտ կրկին արդարացումներ բերում՝ նախորդ հանցավոր ռեժիմի վրա հղումներ անելով, մեղքը նախկինների վրա գցելով։ Դե, ինչ եք ուզում։ Եթե վարչապետի խոսնակի մակարդակով հնչեցվող արգումենտները գեներացվում են այս մակարդակում, ապա ինչպիսի՞ն պետք է լինի Փաշինյանի PR-ը, ըստ ձեզ։ Իհարկե շատ վատը։

Դրա համար էլ, վլադիմիրկարապետյանները վարչապետին խորհուրդ են տալիս Ջերմուկի հրապարակում հավաքված ժողովրդին թողնել, խուսափել նրանց հետ հանդիպումից ու անցնել տնետուն շրջելով։ Սա դիտվում է ոչ այլ ինչ, քան հասարակ ձեռքառնոցի այն պարագյում, երբ այդ տներից մարդիկ դուրս էին եկել ու հավաքվել հրապարակում՝ վարչապետի հետ կիսելու իրենց մտավախություններն ու պահանջները։ Հետո էլ զարմանում են, թե ինչու են քաղաքացիները բորբոքված, զայրացած։

Արդյունքում այս այցն ավելի շուտ հակառակ ազդեցությունը թողեց ու ավելի շատ վնաս հասցրեց Փաշինյանին, քան կարող էր օգուտ տալ, որովհետև փախուստը քաղաքացիներից ավելի գրգռեց մարդկանց տրամադրություններն ու, հատկապես, վարչապետի նկատմամբ։ Եվ այս ամենը, իհարկե, շատ վատ կազմակերպված PR-ի պատճառով, այն մարդկանց պատճառով, ովքեր հավաքված են Փաշինյանի շուրջը։ Մինչ այժմ՝ բարձր խարիզմատիկ լեգիտիմության և պոպուլիզմի գերդոզավորման ֆոնին այդքան էլ չէր զգացվում, թե ինչ կարգի «ուղեղներ» են շրջապատում միայնակ Նիկոլին։ Իսկ այսօր, երբ էյֆորիան այլևս չկա, առավել ցայտուն է արտահայտվում թիմի անկարողությունը՝ գործելու ճիշտ պահին և ճիշտ միջոցներով։

Պարոն Փաշինյան, անկեղծ հորդորս՝ կա՛մ նորմալ թիմ հավաքեք, կա՛մ ուղղակի հենց այս պահից արձանագրեք, որ այսօր ձեր շուրջը հավաքվածների տված վնասը վաղը կարող է անդառնալի հետևանքներ թողնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել