Ամուլսարի շուրջ տեղ գտած զարգացումները ևս մեկ անգամ վկայեցին, որ կառավարությունը շեղվել է հեղափոխության գաղափարներից։ Չնայած հեղափոխություն այն անվանելը այդքան էլ տեղին չէ, քանի որ ըստ էության դրա արդյունքում տեղի ունեցավ ընդամենը իշխանափոխություն, չփոխվեց քաղաքական դաշտը, չձևավորվեց իրական ժողովրդավարություն, իսկ տնտեսական համակարգը մնաց նույնը։Եվ այն նույն հիմնախնդիրները, որոնց դեմ են եղել նախկինում այսօրվա իշխանությունները, ներկայումս իրենց արդյունավետ և տրամաբանական լուծումները չեն ստանում. Ամուլսարի հիմնախնդիրը դրա վառ ապացույց։ Տեղի բնակչությունը, բնապահպանական կազմակերպությունները և առհասարակ առողջ դատող մարդիկ ավելի քան մեկ տարի դեմ են այդ հանքի շահագործմանը, սակայն իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում այդ բողոքի դրսևորումներին և նույնիսկ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ։ Սա միանշանակ փաստում է մի բան. հեղափոխության արդյունքում Հայաստանում քաղաքական դաշտը չփոփոխվեց, քաղաքացիների քաղաքական իրավունքները չընդլայնվեցին և արդյունքում չաճեցին նաև տնտեսական հնարավորությունները։ Փաստացի մինչ այժմ դեռ չի մշակված Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն ու տեսլականը. մի կողմից խոսվում է զբոսաշրջային համաշխարհային կենտրոն ձևավորելու, մյուս կողմից Հայաստանի տնտեսության համար հանքերի շահագործման անչափ կարևորության մասին։ Իսկ այս իրարամերժ տեսակետները բացառում են մեկը մյուսին։ Կամ պետք է զարգացնել ,,կանաչ տնտեսություն,, , որը ռազմավարական տնտեսական առավելություններ կստեղծի ապագայում, կամ կարճաժամկետ ֆինանսական օգուտ ստանալով՝ սերունդներին թողնել ամայացած բնական միջավայր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Իրականում հեղափոխությունը պետք է ձևավորվի այնպիսի հասարակություն, որտեղ քաղաքական իրավունքները բաշխված կլինեն ավելի լայն, տնտեսական հնարավորություններից կօգտվեն ավելի շատ թվով մարդիկ, իսկ կառավարությունը պատասխանատու կլինի և կարձագանքի քաղաքացիների կողմից բարձրացած հարցերին։ Առհասարակ հեղափոխությունների բազմաթիվ օրինակներ են եղել և ներկայումս էլ տեղի են ունենում տարբեր երկրներում։ Սակայն, դրանց հիմնական մասը որևէ էական բան չի փոխում ժողովրդի կյանքում, քանի որ իշխանության է բերում ներ քաղաքական թիմի, որոնք ստանձնելով իշխանությունը արդեն շահագրգռված չեն լինում բարեփոխումների իրականացմամբ և վերարտադրում են նախկին իշխանություններից ստացած քաղաքական համակարգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել