Օգոստոսի 19-ը 66-րդ տարելիցն է հարևան Իրանի ժամանակակից պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկի: Իրանի նախկին շահի կողմնակիցները դա ժողովրդային ընդվզում, իսկ շահական ռեժիմի ընդդիմադիրները օտար գործակալների կողմից կազմակերպված հեղաշրջում են անվանում:
Գործող վարչապետ ու ժողովրդային մեծ համակրանք վայելող դոկտ. Մոհամմեդ Մոսադեղի օգտին տրվող «Կեցցե Մոսաղեդը» և «Մահ շահին» կարգախոսներն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում փոխարինվեցին «Մահ Մոսադեղին» և «Կեցցե Շահը» կարգախոսներով ու 1953 թվականի օգոստոսի 19-ի լուսաբացին մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ վարչապետ Մոսադեղի դեմ ձևավորված ժողովրդային ընդվզումը ժամեր անց վերածվեց հարյուր հազարավորների մասնակցությամբ ցույցերի ու հասարակական անկարգությունների: Հրապարակից միանգամից չքացան այն տասնյակ ու հազարավոր համակիրներն ովքեր մինչև մեկ օր առաջ ջերմորեն պաշտպանում էին ժողովրդային վարչապետին: Օրվա ավարտին ժողովրդային վարչապետ Մոհամմեդ Մոսադեղը ձերբակալված, իսկ շուրջ երկու տարի Իրանի քաղաքականության կիզակետը հանդիսացող նրա բնակարանը հիմնահատակ ավերված ու թալանված էր:
Այսօր արդեն ապացուցված փաստ է, որ Իրանում 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջումն իրականացվել է ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության անվտանգության ծառայությունների ուղղակի մասնակցությամբ ու ֆինանսավորմամբ, սակայն դա չէր կարող հաջողվել, եթե Մոսադեղի կառավարությունը կործանելու նպատակով նրանց կողքին չհայտնվեին ժամանակի գլխավոր հոգևորականներն, այդ թվում Այաթոլլահ Քաշանին, ովքեր ժամանակին համարվում էին վարչապետ Մոսաղեղի գլխավոր դաշնակիցներն ու աջակիցները:
Մի կողմ թողած աշխարհաքաղաքական ու նաև այլ գործոնների դերակատարությունը 1953 թվականի օգոստոսի 19-ին Իրանում իրականացված հեղաշրջում ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն իրողությունը, որ իշխանության հանդեպ ժողովրդի ցուցաբերած համակրանքն ու աջակցությունը չեն կարող հավիտենական լինել ու նաև այն, որ այդ անհերքելի իրողությունն անտեսող ամենաժողովրդային կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը: