Պրոֆեսիոնալ պոպուլիստը որպես կանոն պրոֆեսիոնալ ստախոս է լինում։ Ստի ոտքերը, սակայն, կարճ են։

Մի բան է դատարկ ճառը, մեկ այլ բան՝ փաստը։ «Բժշկական» փաստը։

Հիմա կոնկրետացնեմ։

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
«Մինչեւ 2050 թվականը ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը»:

31 տարվա հեռավորության նպատակադրումը և մեգաթվերի խոստումը հնարավորություն է տալիս այսօր խուսափել հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից՝ «Թողեք թող աշխատենք մինչև 2050–ը, հետո նոր պահանջեք» թեմայով։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-հունիսին» աստաթուղթը։ Մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի դետալիզացված են և 2018–ի հետ համադրված։

Ըստ այդմ՝ 2018–ի առաջին եռամսյակի (նախահեղափոխական Հայաստան) համեմատ 2019–ի հունվար–մարտին («նոր Հայաստան») գործազուրկների քանակն ավելացել է 16 հազարով։ Այս թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6,7 տոկոսով, ինչը շատ լուրջ հետընթաց է (և սա այն դեպքում, երբ ամեն օր թմբկահարվում են տիեզերական մասշտաբների հասնող տնտեսական նվաճումների և տնտեսական հեղափոխության դուխով հաղթարշավի մասին)։

Գործազրկության մակարդակն այս տարվա 1–ին եռամսյակում 0,9 տոկոսով ավելացել է՝ ընդհանուր առմամբ կազմելով 21,9 տոկոս (սա մակրոտնտեսական նորմայից ավելի քան 3 անգամ բարձր է)։

Բացասական դինամիկա կա նաև զբաղվածության առումով։ Այս տարի զբաղվածության մակարդակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 0,2 տոկոսով պակաս է։

Ուշագրավ մեկ հանգամանք։ Աշխատուժի առաջարկն այս տարի նախորդի համեմատ ավելացել է 2,3 տոկոսով, բայց աշխատանք գտել է նրանց կեսից մի փոքր ավելին՝ 1,2 տոկոսը։

Այնպես որ, մի բան է ստահոդ և պոպուլիստական քարոզչությունը, մեկ այլ բան՝ մաթեմատիկան։

Եթե փաստերի, այն է՝ Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների առկայության դեպքում պաշտպանյալը ստում է այսօր ու պոպուլիստական քարոզ իրականացնում (ինքը գիտի, որ իր «հպարտ» լսարանը թվեր չի նայում, փաստերից առավել նախընտրում է հուզական արտահայոտթյունները և այլն), ապա կարելի է պատկերացնել, թե քանի գրոշ արժեն նրա՝ 31 տարվա կտրվածքով տրվող խոստումները։

Ի դեպ, գործազրկության թեմայի վերաբերյալ հետաքրիր դիտարկումներ ունի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Ara Galoyanը։ Անպայման նայեք։

Կից նյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել