Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ ուղեկցությամբ  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: 

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, սփյուռքահայ ուսուցիչները  համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:  

Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ընդգծելով  Հայ Եկեղեցու և մասնավորաբար Վեհափառ Հայրապետի կողմից հայապահպանությանն ուղղված լայնածավալ աշխատանքները:

Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը:

Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն ուսուցիչներին` նոր ուժով և ավյունով շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:

Բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` Գարեգին Երկրորդ Հայրապետը շեշտել է, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար: 

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հետաքրքրվել է Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել