Գարեգին Բ–ն հանդիպել է վերապատրաստում անցնող սփյուռքահայ ուսուցիչների հետ
14:00 , 22 հուլիս, 2019 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, սփյուռքահայ ուսուցիչները համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:
Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ընդգծելով Հայ Եկեղեցու և մասնավորաբար Վեհափառ Հայրապետի կողմից հայապահպանությանն ուղղված լայնածավալ աշխատանքները:
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը:
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն ուսուցիչներին` նոր ուժով և ավյունով շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:
Բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` Գարեգին Երկրորդ Հայրապետը շեշտել է, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հետաքրքրվել է Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի: