Իջևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հակիրճ վելուծություն
Ստեղծված իրավիճակը ցավալի է, բայց սպասելի...
Իրավիճակը նաև խորհդանշական է, քանի որ ընդամենը սույն թվականի հուլիսի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված նախագծերը (Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին), համաձայն որոնց՝ նաև խստացվում է անտառահատման համար սահմանված պատասխանատվությունը։
Այս անհրաժեշտ փոփոխությունները վաղուց էին նախաձեռնվել Շրջակա միջավայրի (նախկինում՝ բնապահպանության) նախարարության կողմից. ինքս՝ որպես նախարարության նախկին աշխատակից, մասնակցել էի նախագծերի մշակման աշխատանքին։ Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ խմբագրվել են 296-րդ՝ «Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» և 297-րդ՝ «Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը» հոդվածները՝ խստացնելով դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը։
Իրավիճակն ինձ համար անձնապես ցավալի է։ Շարունակվում են անտառահատումները, այն դեպքում, երբ ամեն կերպ միջոցներ են ձեռնարկվում դրանք կանխելու։ Անձամբ մշտապես փորձելու եմ ներդրում ունենալ՝ Հայաստանի Հանրապետության էկոհամակարգի պաշտպանությանն ուղղված կանխարգելիչ գործողություններին աջակցելով։
Հնարավոր է՝ քաղաքացու համար արտաքուստ չորացած հասարակ ծառը լինի կարմիգրքյան և վերացող տեսակ, կամ այդ ծառահատման ընթացքում վերացվեն կամ վնասվեն կարմիրգրքյան բուսատեսակներ։ Սակայն քաղաքացուն այդ պահին հուզում է իր սոցիալական խնդիրը լուծելու հարցը։
Արդյո՞ք արդարացված են Իջևանում քաղաքացիների գործողությունները։ Իհարկե ոչ, անգամ զարհուրելի են. քաղաքացիները խախտել են օրենքը (ապօրինի անտառահատումներ են իրականացրել) և կրկին օրենքը խախտելով (ճանապարհները փակելով) շանտաժի են ենթարկում պետությանը՝ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին (կրկին օրենքի խախտում)։ Այսինքն՝ գործ ունենք քրեական պատասխանատվության ենթադրող արարքների շղթայի հետ։
Արդյո՞ք իշխանությունները վրդովվելու և պատասխանատվության ենթարկելու բարոյական իրավունք ունեն։ Ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Ումի՞ց է քաղաքացին օրինակ վերցնում։ Հարցեր, որոնց յուրաքանչյուրս կտա իր սեփական սուբյեկտիվ պատասխանը։
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ երկրում, թեկուզ մեկ անգամ, պետական մարմնի կողմից իր ցանկալի նպատակի համար օրենքին հակասող գործողություն է կատարվում, և այդ նպատակը կոչվում է «արդարություն»։ Յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ արդարությունը։ Այն պարագայում, երբ երկրի վարչապետը կոչ է անում արգելափակել երկրի դատարանները՝ սահմանափակելով դատական իշխանության գործունեությունն իր սուբյեկտիվ «արդարության» համար, և խախտվում են մի շարք սահմանադրական և միջազգային իրավակարգավորումներ, դժվար է դրանից հետո այդ կոչին հետևած քաղաքացուց պահանջել հրաժարվել իր «արդարության» պահանջից, հատկապես երբ այդ պահանջը վերաբերում է քաղաքացու սոցիալական խնդիրներին, ապրուստի հարցին։
Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները երկրում տիրող իրավական անարխիայի հետևանք են։
Մշտապես նշել եմ՝ որևէ իրավիճակում չի կարելի թեկուզև ամենաթեթև իրավակարգավորումն ամենաարդարացի թվացող պահանջի համար խախտել։ Այդ փոքր իրավախախտումը ստանալու է գլորվող ձնագնդի էֆեկտ և, հնարավոր է, վերջում տրորի հենց այն պատրաստողին։ Աննպատակ չի եղել պետություններում սահմանադրություններ և օրենքներ ստեղծելը, և մարդկությունը նմանաբնույթ բացասական փորձերի հիման վրա է սահմանել օրինական սահմաններ և նախատեսել դրանք խախտելու համար պատասխանատվություն։
Իրավունքի գերակայության երաշխավորումն է իրավական պետության կայացման գրավականը, և դա պետության պոզիտիվ պարտականությունն է։