Ադրբեջանը երկրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետական մակարդակով ոչ միայն խրախուսում, այլ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում: 

Մի քանի օր առաջ երկրով մեկ մեկնարկվել է 18-25 տարեկանների բանակումը, որը ռազմահայրենասիրական մոտիվներով էր: Ահա այսօր արդեն ազդարարվել է «Պատանի Հեյդարներ» ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը: Այն 10-16 տարեկան երեխաների համար է, որոնք ճամբարն անցկացնելու են բացառապես զինվորական կարգ ու կանոնով:

Հատկանշական է, որ մինչ ճամբար մեկնելը երեխաների մոտ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչության անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական պատրաստության և դաստիարակաության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը:

Նա իր խոսքով բացահայտ հակահայ և հայատյաց քարոզչություն է իրականացրել: 

Մասնավորապես նշել է, որ «հաջորդ ռազմահայրենասիրական ճամբարը լինելու է թշնամու կողմից օկուպացված հայրենիքի լեռներում»: Նա նաև խորհուրդ է տվել երկրի բոլոր գործարարներին ստեղծել ռազմահայրենասիրական ճամբարներ իրենց աշխատողների երեխաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել