ՀԱԿ-ի ժողովուրդը Նիկոլի իշխանության գալուց հետո փորձում է սրբագրել 90-ականների պատմությունը և գրեթե պարտադրում է, որ այդ ժամանակահատվածը չանվանենք մթի ու ցրտի տարիներ։ Հիմնական թեզն է, որ դա այն գինն էր, որ պետք է վճարեինք Արցախի հաղթանակի համար։  Սա ամենամոլորեցնող ու ամենամանիպուլյատիվ թեզն է, որովհետև սրանով ՀԱԿ-ը ոչ թե իսկապես ցանկանում է սրբագրել պատմությունը, այլ փորձում է նոր գաղափարական հիմք դնել Նիկոլի ապագա ձախողումների համար։

Նախ՝ Արցախի հաղթանակը որևէ կապ չունի ցրտի ու մթի հետ։ Ցուրտ ու մութ եղավ ոչ այն պատճառով, որ Արցախում պատերազմ էր։ Ցուրտ և մութ էր, որովհետև ՀՀՇ-ն ուներ ապաշնորհ իշխանություն, որը, բառիս բուն իմաստով, կազմաքանդեց պետությունը, որը ժառանգել էր կոմունիստներից։ Մութ ու ցուրտ էր, որովհետև իսկապես թալանում էին մազութը, մութ ու ցուրտ էր, որովհետև պոպուլիզմի պատճառով փակեցին ատոմակայանը։ 

ՀՀՇ-ի իշխանությունը կապ ունի Արցախի հաղթանակի հետ, դա անխոս, բայց նաև անմիջական պատասխանատուն է երկրի ցրտի ու մթի տարիների համար, որը ոչ ոք նրանց չի ներելու։ Ոչ ոք։ Դա իշխանություն էր, որ այնքան ապաշնորհ էր, որ չէր կարողանում հացի համար ալյուր ներկրել։ Դա այն իշխանությունն էր, որ այնքան իմպոտենտ էր, որ Ազնավուրն էր օգնում աղքատներին և թոշակառուներին, որ ձմռանը տաքանան։ Դա այն իշխանությունն էր, որ դպրոցներում բաժանում էր կաթի փոշի և թուրքական անհայտ ծագմամբ պեչենիներ, որոնց արդյունքում մի քանի սերունդ աշակերտների առողջությունը քայքայվեց։ 
ՀՀՇ-ի իշխանության գործած սխալները երբեք հրապարակայնորեն ոչ ոք չքննադատեց։ Նրանք «նեղացան», հեռացան ու անպատիժ մնացին, այդ պատճառով էլ այսօր փորձում են սրբագրել, կապել Արցախի հետ։
Դա շատ սովորական, մի քիչ գրագետ ու պատեհապաշտ տղերքի հավաքածու էր, որոնց մեծ մասին նոր սերունդը չգիտի։ Իսկ էն մի 2-3 հոգի խոսացողներն էլ էն ժամանակ էլ էին խոսում ու փորձում ամեն ինչ փաթեթավորել ու արդարացնել, հիմա էլ։

Էլի եմ կրկնում՝ ՀՀՇ-ի՝ «ցրտի ու մթի» դեմ պայքարն իրականում անցյալը վերախմբագրելու համար չէ։ Ո՛չ։ Այն ապագայի համար է։ Նրանք փորձում են Նիկոլի համար ստեղծել գաղափարական այն տանիքը, որի ներքո Նիկոլը Հ1-ի Պետրոսին կասի այն, ինչ ասեց Լևոնը Հ1-ի Սերգոյին. «Մենք լավ չենք ապրում, որովհետև…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել