Այսօր ավարտվում է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային կոչվող այցը: Այցը սկսվեց Բաքվում, շարունակվեց Երևանում և կավարտվի Բաթումիում, որտեղ մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Արժեքավոր գործընկերության 10 տարի. անցած ճանապարհը և հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին:

Եթե այցն անվանում ենք տարածաշրջանային, ապա պիտի ներառվեր 3 մայրաքաղաքներ:

Հատկանշական է, որ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի իշխանությունների հետ առաջին անգամ է հանդիպում մայիսին Բրյուսելում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո։ Հիշեցնեմ, որ Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը շեղվել էր նախատեսված ընթացքից Ադրբեջանի պատճառով: Գագաթաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չէր հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Բաքուն հրաժարվել էր ստորագրել հռչակագիրը տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։ Տուսկը Բաքվում իր ելույթով Ադրբեջանի ականջը շոյելով հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Երևի գնացել էր Բաքու՝ հաշտվելու:
Այդ դեպքում ինչո՞ւ էր եկել Երևան:

Ստացվում է՝ Բաթումիում մասնակցում էր միջազգային համաժողովի, Բաքվում հավատարմություն էր հայտնում:

Իսկ Երևան էր եկել, որ այցը կոչվի տարածաշրջանայի՞ն:

Ի՞նչ էինք մենք ակնկալում հեռացող պաշտոնյայի այցից: Ի՞նչ ստացանք արդյունքում:

Հ.Գ. Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը վերջիններից է՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահ։ Աշնանն ավարտվում է նրա պաշտոնավարումը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել