«Տնաշե՜ն, «Մայրիկ» երգն էնպես անտաղանդ երգեցիր, որ մայրս աչքիցս ընկավ»․ հայկական քաղաքական տխուր անեկդոտ

Հիմա մեր հեղափոխականներն այնպես անտաղանդ են կառավարում, այնպես անգրագետ քայլեր են անում, որ հեղափոխություն գաղափարն առհասարակ աչքներիցս ընկավ, ու առաջիկայում ով հեղափոխությունից խոսի, ասելու ենք՝ անունը չտաս, տեսել ենք, մաշկներիս վրա հետևանքները զգացել ենք, չենք ուզում։ 

Այժմ հեղափոխության ձեռքբերումները կասկածի տակ է դնում անգամ ՔՊ-ի հիմնադիր Սասուն Միքայելյանը, որը իր թիմակիցների համեմատ ավելի փորձառու է, մարտական ուղի անցած, ավելի մեծ ջանք գործադրած հեղափոխության մեջ․ ճնշել են, ձերբակալել, բայց չի «կոտրվել»։ Բայց նոր իշխանություններն անգամ իրենց միջի այլակարծությունն են մերժում։ Իբր ժողովրդական ընտրություններ կազմակերպեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրության հարցում։ Համարենք, որ ուղղորդված չէր Փաշինյանի կողմից, որ Սասուն Միքայելյանը դուրս մնար վարչության կազմից։ Ավելի վատ, նշանակում է՝ թիմը համոզմունքով, փակ, գաղտնի քվեարկությամբ, դուրս մղեց իր միջի ամենաարժանավորին, պինդ կանգնած, իր կարծիքը համառորեն պնդող կուսակցութան հնաբնակին, կուսակցության նախկին ղեկավարին։ Էլ ի՞նչ հույս ունենանք, որ թիմից դուրս գտնվողների ռացիոնալ ու սթափ կարծիքները լսելի կդառնան։

Հիմա կասեք՝ բա որ բոլորին ամեն ինչ պարզ է, ինչո՞ւ առաջիկա քայլերի մասին ծրագրեր չենք տեսնում, ո՞ւմ են սպասում մեր ամենագետ գործիչները․ քննադատեցիք, դատափետեցիք, հասկացանք, մինչև ե՞րբ ու մինչև ո՞ւր։ 
Բայց չպետք է զարմանալ, որ քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, քննադատելով նոր իշխանություններին, դեռ չեն շտապում այս վիճակից դուրս գալու կոնկրետ լուծումներ առաջարկել, ծրագիր ներկայացնել, այլ միայն մատնանշում են լուծում գտնելու անհրաժեշտությունը, քանզի հասարակությունն իներցիայով գնում է Նիկոլ Փաշինյանի հետևից։ Թեպետ նրանց ահռելի մասն արդեն հիասթափվել է նրանից, բայց դեռ պատրաստ չէ հետ կանգնել կամ էլ ուրիշի հետևից գնալ։  Դրա համար հանրային տիրույթում ընդամենը գնում է ստեղծված իրավիճակի դիագնոզ դնելու և այն հետևողականորեն ու բազմակողմանի հիմնավորելու պրոցես։

Առայժմ մեր հասարակությունն առողջացման ծրագրի կարիք չի տեսնում, քանի որ իրեն հիվանդ չի համարում, բայց կարճ ժամանակում մենք կթևակոխենք վճռորոշ փուլ, ու կարծում եմ, ի հայտ կգան թե՛ կարող ուժեր ու թե՛ կներկայացվեն այս վիճակից դուրս գալու գործնական քայլեր։ Առայժմ մեր ագրեսիվ իշխանությունն էլ պատրաստ չէ գիտակցելու, որ ամեն ինչ տանուլ է տվել, ուստի ժամանակը պետք է ռացիոնալ օգտագործել, որ եթե հնարավոր չլինի անկառավարելի պրոցեսները կառավարել, երբ հասարակությունը կհասկանա, որ խաբված է, կունենա ոչ միայն մեծ հիասթափություն, այլև իր ներսում դատարկություն, ու այդ պահին պետք է հիշեցնել, որ այն ժամանակ, երբ վայելում էին իրենց հաղթանակը ու նոր իշխանություններին տալիս ամեն կարգի սխալվելու իրավունք, կային մարդիկ, որ սպասվելիքը կանխատեսում էին։

Եթե ճիշտ պահին արվեն երկիրը զարգացման ուղի դուրս բերելու ճիշտ քայլեր, ապա հեղափոխության արդյունքը կարելի է համարել հաջողված՝ անկախ նրանից, թե կատարվածն իրականում հեղափոխությո՞ւն էր, իշխանափոխությո՞ւն, թե՞ իշխանազավթում, քանզի թարմության կարիք, անշուշտ, կար։ Իսկ եթե թույլ տանք, որ այս չտեսները, անփորձների այս անկանխատեսելի իշխանությունը շարունակեն նույն ոգով, ապա կարող է ազգովի մնանք հեղափոխության փլատակների տակ։ Հասարակական այս համընդհանուր էյֆորիայից մինչև հիասթափության արդյունքում խորը դեպրեսիա մեկ քայլ է, ու երկրի կարող ուժերը պարտավոր են ոչ միայն անել համարժեք քայլեր, այլ դրանք անել ճիշտ ժամանակին, քանի որ դեպրեսիայի հասած հասարակությանը դեռ երկար ժամանակ պիտի փորձել հանել այդ վիճակից, նոր միայն կարողանալ ոգևորել ու առաջարկել լծվել երկրի զարգացման կոնկրետ քայլերի իրականացմանը։ Այսինքն՝ այս միջանկյալ փուլը, որը շատ կարճ է տևելու, հասարակության մեջ վստահություն ձեռք բերելու փուլն է։

Իշխանության պոպուլիզմին հակադրելով սթափ ու գործնական լուծումներ առաջարկելը, իշխանության ատելությանը, հասարակությանը պառակտելուն հակադրել հասարակությունը համախմբելու, մոբիլիզացնելու կառուցողական քայլեր, իշխանության անգաղափար ու անծրագիր գործելաոճին հակադրել գաղափարական ու կոնցեպտուալ ծրագրերը, ու արդյունքում ստացվում է, որ գործում ես ընդդեմ, սակայն իրականում քո բոլոր քայլերը կատարվում են հանուն՝ հանուն մեր երկրի զարգացման, իսկ դրանք ընդդեմ են՝ «ընդդեմ» կարգախոսներով իշխանության եկածներին, այլ կերպ ասած՝ մերժենք ամեն ինչ մերժողներին, գիծը քաշենք ու հաստատուն քայլերով առաջ գնանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել