Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոյին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վրացի հեռուստամեկնաբան Գեորգի Գաբունիայի արտահայտությունները:

«Սա Վրաստանի դժբախտությունն է»,- ասել է նա:

Կիրակի օրը Գաբունիան վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի իր հեղինակային ծրագրում վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին՝ ակտիվորեն անպարկեշտ բառապաշար օգտագործելով:

Ավելի ուշ բողոքի ակցիաներ են սկսվել հեռուստաընկերության գրասենյակի մոտ, որի մասնակիցները պահանջել են աշխատանքից հեռացնել լրագրողին. հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը:

Երկրի կառավարությունը նույնպես դատապարտել է հեռուստամեկնաբանի հայտարարությունները:

«Այն, ինչ այսօր տեսանք «Ռուսթավի-2»-ում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի ամոթալի արտահայտություն և երկրում իրավիճակի ապակայունացման փորձ: Դա բացարձակապես անընդունելի է»,- գրել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Twitter-ում:

Նա ընդգծել է, որ երկրի շահերն ագրեսիվ չեն և ուղղված չեն Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ապակայունացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել