Մի հիմար քարը գցեց ջրհորը, 100 խելոք չկարողացան հանել: Այս ասույթը կարծես մեկ երեկոյի ընթացքում համաշխարհային հռչակ ձեռք բերած էն վրացի լրագրողի հայհոյանքների մասին լինի: 40-հարկանի հայհոյանքներ շարելը տղամարդկություն չէ ընդհանրապես, դա լակոտություն է: Թեկուզ թշնամի երկրի ղեկավարին ուղղված՝ դա հայրենասիրություն չէ ընդհանրապես, դա ապուշություն է և անգամ վնասարարություն քո երկրի շահերին: 

Հիմա վրացական ԱԳՆ-ով, Վրաստանի նախագահով-բանով սկսել են դատապարտել, թե մենք կապ չունենք, դա անթույլատրելի է, դա այսպես-այնպես... Իհարկե, իշխանությունները կապ չունեն, հո նրանք չե՞ն էդ տղային ասել, թե կգնաս, ուղիղ եթերում մոտ մեկ րոպե տևողությամբ այսպես-այսպես հայհոյանքներ կտեղաս։ 
Դա բացառվում է:  Բայց այդ իշխանությունները բնավ անմասն չեն այսօր Վրաստանում այնպիսի հակառուսական մթնոլորտի առաջացումից, որի մեջ նման էքսցեսները ոչ միայն շատ հավանական են, այլև սպասված՝ իրենց հիմնական լսարանի համար: Ինչևէ, չխորանանք վրացիների ու ռուսների պրոբլեմերի մեջ, առանց մեզ էլ իրենք կարող են իրենց գործերից գլուխ հանել: 

Ուղղակի այդ երիտասարդ լրագրողն է մեղքս գալիս: Հա՛մ վերջացավ իր կարիերան, հա՛մ բարոյական պատասխանատվություն է կրում վրաց-ռուսական հարաբերություններին լրացուցիչ վնաս տալու համար, համ էլ վախենալու է Վրաստանից դուրս գալ: Էլ չասած, որ իր այդ լակոտության պատճառով (կամ ինչ-որ շահագրգիռ կողմերի դրդմանը տեղի տալու պատճառով) նա խախտել է կարևոր տաբուներ, որոնք սրբորեն պահպանվում են Կովկասում: Եվ ինչ-որ սցենարում նա կարող է հանկարծ հյուրեր ունենալ, օրինակ՝ հարևան Չեչնիայից, որոնք կարող են հաշիվ պահանջել հայհոյանքների համար: Եվ այսպիսի սցենարի դեպքում դժվար թե որևէ մեկը էդ խեղճ տղային պաշտպանի, քանի որ նույն տաբուները գործում են նաև Վրաստանում (դե, ոստիկանությունից բացի, բայց դա «հաշիվ չի» նման դեպքերում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել