Այսօր՝ ժամը 16:35-ին, Շարժայից Երևան ժամանեցին հնդկական սերիալներից հայտնի դերասան-դերասանուհիները: Նրանց դիմավորելու էին եկել մի խումբ երկրպագուներ, ովքեր եկել էին նվերներով և նրանց պատկերներով շապիկներով: Բացի նրանից, որ արտիստները լուսանկարվեցին երկրպագուների հետ, պատասխանեցին նաև լրագրողների մի քանի հարցի: Նշենք, որ նրանք բոլորն առաջին անգամ էին Հայաստանում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ բան եմ ուզում հասցնել անել: Շատ եմ լսել Հայաստանի մասին, գիտեմ, որ շատ հյուրընկալ ժողովուրդ եք: Քիչ առաջ եմ իջել, և դեռ չգիտեմ հայերեն բառեր, բայց կասեմ՝ բարև: Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ դեռ Հնդկաստանում, երբ Վարդանը մեր մասին հաղորդում էր անում, և վերջապես ես Հայաստանում եմ: Հույս ունեմ, որ բոլորդ կլինեք վաղվա համերգին, և անմոռաց ժամանակ կունենանք: Ես երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այսքան շատ երկրպագու կունենայի։ Իհարկե, Հայաստան գալն ինձ համար երազանք էր: Շնորհակալ եմ, որ բոլորդ այստեղ եք, ինչպես նաև նվերների համար»,- նշեց Տապասիայի դերակատար Ռաշմի Դեսայը։
«Ուրախ եմ, որ ձեր երկրում տեսնում եմ իմ երկրպագուներին, ովքեր եկել են դիմավորելու իմ շապիկներով: Գիտեմ, որ հայերը շատ բարի մարդիկ են, և ասեմ, որ դա էլ է այն պատճառներից, որ ես այսօր Հայաստանում եմ»,- նշեց Թինա Դաթան։
Նշենք, որ նրանց և հայ արտիստների մասնակցությամբ համերգը կկայանա վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի