Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթողը կստանա Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթին ներկայացնելու իրավունք: Երեկ մեկնարկեց «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի երկրորդ փուլը՝ ինտելեկտի մրցույթը: Որքան էլ ներկայացվում է, որ սա պարզապես գեղեցկության մրցույթ է, բայց մարդիկ կարևորում են տիտղոսակիր գեղեցկուհու ինտելեկտը: Այս տարի, բացի բուն մրցույթից, առանձին անցկացվում են տաղանդի, սպորտի, ինտելեկտի և Top Model մրցույթները, որոնց հաղթողները հուլիսի 15-ին կայանալիք «Միսս Աշխարհ» մրցույթի ժամանակ կլինեն լավագույն տասնյակում:  

«Իմ կարծիքով՝ ոչ միայն մեր աղջիկների համար, առհասարակ, հանրային խոսքը, ելույթ ունենալն ամենասթրեսայինն է յուրաքանչյուր մարդու համար: Քանի որ մենք մրցույթը կազմակերպում ենք «Միսս Աշխարհ» մրցույթի մասնակից ուղարկելու համար, այնտեղ նույնպես կա նմանատիպ մրցույթ։ Առհասարակ, բոլոր գեղեցկության մրցույթներն ունեն ինտելեկտուալ փուլ, և ժյուրիի անդամների համար շատ կարևոր է ոչ թե վերջին տասնյակին կամ հնգյակին հարցեր տալ հենց բեմի վրա, այլ այսօր ավելի անմիջական մթնոլորտում կարողանան աղջիկների հետ զրուցել և ավելի շատ հարցեր տալ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։

Նա նշում է, որ այս փուլը շատ կարևոր է, քանի որ հետմրցութային շրջանում հաղթող աղջիկն ունի առաքելություն՝ իր տիտղոսն օգտագործելով համախմբել ինչ-որ բարեգործական արշավի շուրջ:

Քսանհինգ գեղեցկուհի մասնակցում էր ինտելեկտի մրցույթին: Սկզբում պատմում էին իրենց մասին և սպասում ժյուրիի հարցերին: Հարցերը տարբեր էին՝ քաղաքականությունից մինչև նորաձևություն, ընտանիք, կարիերա: Ժյուրիի անդամ երգչուհի Էմմա Պետրոսյանն էլ աղջիկներից մեկին խնդրեց հեքիաթ հորինել, հետո հորդորեց մյուսներին էլ մտածել դրա մասին: Դե իսկ «Միսս Ինտելեկտ» մրցույթում հաղթող ճանաչվեց Նաիրա Վարդանյանը:

«Շնորհակալ եմ, որ հայ աղջիկներին ինքնաարտահայտվելու հնարավորություն եք տալիս, սա լավագույն միջոցներից է: Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին: Ի դեպ, ինձ ներկայացնելիս մոռացա ասել, որ ես շատ լավ պատրաստում եմ մեր հայկական ավանդական տոլման, շատ սիրում եմ մեր հայկական խոհանոցը»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել