Եթե ներկա իշխանությունները գիտակցեին, թե ինչպիսի լուրջ խնդիրների առաջ է կանգնած երկիրը, նրանք, բնականաբար, բոլոր միջոցները կուղղեին՝ ստեղծելու անխոցելի պաշտպանական համակարգ, որի համար, սակայն, առաջին հերթին պետք էր դիվանագիտական հմուտ գործունեության միջոցով հասնել երկրի շուրջ այնպիսի քաղաքական բարենպաստ իրավիճակի հաստատման, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլիներ ստեղծել այդ համակարգը։ Սակայն դրանից հետո պետության առջև ծառանում է երկրորդ խնդիրը՝ ֆինանսական, թեև, ըստ էության, դա խնդիր էլ չէ, քանզի ընդամենը պետք է որոշել գումար փոխանցել նոր զինատեսակներ գնելու համար, բայց մեր պետական «գործիչների» համար այն դարձել է լրջագույն խնդիր, որովհետև «պիոներական» միջոցառումները՝ հասարակությանը զբաղեցնելու և խնդիրներից շեղելու համար, ավելի կարևոր են նրանց համար։
Ներկա կառավարությունը նախկինի նման այդպես էլ չգիտակցեց խնդրի քաղաքական էությունը և չդրսևորեց անհրաժեշտ կամք՝ բարձրացնելու բանակի կարգապահությունը, մարտունակությունը և ապահովելու վերազինումը։
Աչք ունեցողի համար ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքականապես հայտնվել են փակուղում։ Ստեղծելով ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողով՝ նրանք հերթական անգամ ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Այդ բանը, գոնե բարոյապես, նրանք իրավունք կունենային անելու միայն երկրի պաշտպանական այնպիսի համակարգ ստեղծելուց հետո, որի դեպքում ոչ մի տեսակի հարևան չէր համարձակվի խախտել սահմանային անդորրը։ Իսկ եթե նրանք մի քիչ էլ թասիբ ունենային, նախ՝ 94-ի խայտառակ զինադադարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծեին, զինադադար, որն իր անհեթեթությամբ երկրի համար ապահովեց մշտական պատերազմի վտանգը․․․
Վերջապես, եթե մարդիկ չգիտեն, թե ինչ բան են կրակակետը, դիտակետը, շարժվող տանկերը, 80-ականների հրանոթները, մի կրակակետի հնարավորությունը, «նորագույն» տանկերը և այլն, ո՞նց կարող են հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում։
Ընդամենը չեն գիտակցում, որ իրենք ակամա հայտնվել են բավական լուրջ, պետության անվտանգությանը առնչվող իրադարձությունների կիզակետում, որի համար, ընդ որում, ամբողջապես պատասխանատու են նախկին իշխանությունները և հասարակության՝ ներկա իշխանություններին համակրողները՝ հպարտ քաղաքացիները, որոնք պարտավոր են պահանջել իրենց կուռքերից լրջորեն զբաղվել երկրի, իսկ դա նշանակում է՝ նաև իրենց՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու խնդրով։