«Միսս Արմենիա 2018»-ի հաղթող Արենա Զեյնալյանն ամառային հանգիստը դեռևս չի պլանավորել. ասում է՝ զբաղվածությունն այս շրջանում շատ է: Գեղեցկուհին նշում է, որ հանգստի մեկնում է թե՛ ընկերների և թե՛ ընտանիքի անդամների հետ: Հատկապես տպավորված է Թաիլանդից և Չինաստանից: BlogNews.am-ի հետ զրույցում Արենան կիսվել է իր նախըտրելի հանգստի տարբերակով:
«Այս տարի զբաղվածությունս շատ է, և նախապատրաստվում ենք «Միսս Արմենիա» մրցույթի: Հուլիս ամիսը մեզ համար փառատոնային է, այնպես որ, շատ զբաղված եմ լինելու և դեռ չեմ մտածել որևէ տեղ գնալու մասին: Կարծում եմ՝ ամենը վերջացնելուց հետո գոնե մեկ շաբաթով ինչ-որ տեղ կգնամ, նախընտրելի է՝ ինչ-որ ծովային երկիր»:
Գեղեցկուհին նշում է, որ նախընտրում է տաք երկրներում լինել, անգամ ձմռանը սիրում է որևէ ծովափնյա երկրում անցկացնել հանգիստը. «Ես ինձ հետ միշտ գեղեցիկ զգեստներ եմ վերցնում, միշտ նախապես կազմում եմ իմ լուքերը: Տարբեր մրցույթների մասնակցելիս մենք միշտ նախապես մեր լուքերը կազմում էինք, և դա կարծես սովորություն է դարձել: Հիմա էլ որ մեկնում եմ հանգստի, փորձում եմ ամեն ինչ կազմել: Չեմ ասում, որ բծախնդիր եմ, բայց, առհասարակ, շոփինգ անելիս ես արդեն գիտեմ, թե ինչը ինչի հետ եմ կրելու»:
Ինչ վերաբերում է հանգստի ժամանակ պարբերաբար լուսանկարներ հրապարակելուն, Արենան նշում է. «Իհարկե, այս դարում ամեն ինչ Ինստագրամում կարող ես ցույց տալ: Ես փորձում եմ ինձ ավելի բալանսավորված պահել, Ինստագրամին առաջնահերթություն չտալ հանգստի համար, այլ պարզապես ապրել այդ պահը, հանգստանալ: Բայց հաճելի է, երբ այդ պահերով կիսվում ես նաև ընկերներիդ հետ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի