Շատերն ասում են, թե իբր սրանք ռուսական գաղութատիրությունից ազատվելուն ուղղված քայլեր են։ Իմ կարծիքով՝ սա մեծագույն բլեֆ է (տպավորություն չստեղծվի, թե ռուսական քաղաքականությունն արդարացնում եմ, ինձ համար բոլոր գերտերություններն էլ նույն հարթության վրա են, բայց ամեն ինչ մի կենտրոնի վրա բարդելն էլ՝ անընդունելի):

Եվ այսպես՝ Ռուսաստանի արդեն միֆականացված կերպարն ընդամենը լավ առիթ էր բավականին ժամանակ ծրագրված սցենարը խաղարկելու համար: Իսկ ի՞նչ էր արել իշխանության գալով Բիձինա Իվանիշվիլին, ով համարվում է Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավարը՝ գենսեկի կարգավիճակում․

ա. Դեռ Սահակաշվիլիի օրոք ծայրահեղ հակառուսական տրամադրությունները ստիպել էին ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ․ թուրք-ադրբեջանական կապիտալի հեգեմոնիան սկսեց զգալի դառնալ վրացական տնտեսության մեջ: Այն շատ ավելի զգալի էր հատկապես Վրաստանի սևծովյան և հարավային շրջաններում, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը Վրաստանին ամբողջությամբ դնում էր թուրքական երկու երկրների կոմունիկացիոն շրջօղակի մեջ: Իսկ Իվանիշվիլին, իշխանության գալով, փորձեց թուլացնել թուրքական կապիտալի հեգեմոնիան վրացական տնտեսության վրա:

բ. Համեմատած Սահակաշվիլիի կողմից վարվող հակառուսական քաղաքականության՝ Իվանիշվիլին փորձեց փոքրիշատե մեղմել հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ, ինչը, բնականաբար, խանդով էր ընդունում Արևմուտքը: Խանդոտ, քանի որ տարածաշրջանում Վրաստանը պետք է դառնար Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական հենակետը: Վրաստանը նաև Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ի կազմում մեղմելու փորձ էր, ուստի Արևմուտքը չէր կարող թույլ տալ Վրաստանին հարաբերություններ լավացնել հյուսիսային հարևանի հետ:

գ. Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին Արևմուտքին անհրաժեշտ էր ռուսական սահմաններին ունենալ Ռուսաստանն ու ռուսին ատող հասարակություններ, որոնք ինչ-ինչ աշխարհաքաղաքական իրավիճակներում պետք է հարվածեին ռուսական սահմաններին: Համաձայնեք, երբ երկու ժողովուրդներ իրար նկատմամբ չունեն խորը ատելություն, նրանք իրար դեմ չեն կռվի այն ջանք ու եռանդով, ինչ որ կանեին իրար ատելու պարագայում:

Ցանկը կարելի է շարունակել, թե էլ ինչ ռեգիոնալ քաղաքական խնդիրներ կան թաքնված հենց Վրաստանում, և թե ապագա դիմակայությունների դեպքում ինչպիսի դեր կարող է ունենալ Վրաստանը, ուստի Արևմուտքի համար անթույլատրելի է Վրաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, որը պատրաստ է թուլացնել Ռուսաստանի նկատմամբ ազգային ատելությունը: Ահա սա էր, որ չներվեց Իվանիշվիլիին: Այն, որ երկրում խմորումներ կային, դա ակնհայտ էր արդեն նախորդ տարվանից, և ակնհայտ էր, որ Վրաստանում ևս սպասվում են լուրջ զարգացումներ, որոնք այսպես թե այնպես հակառուսական ենթատեքստ էին ունենալու, սակայն իրավիճակն ինքն իրենով ստեղծեց բարենպաստ պայմաններ հակառուսական զարգացումների համար, և առիթը տվեց հենց ռուս խորհրդարանականը: Բայց նաև ակնհայտ է, որ Ռուսաստանն ինքն իր համար չէր ստեղծի նման իրավիճակ, և այստեղ քամին բոլորովին հակառակ կողմից է փչում: Ընդ որում՝ այդ քամու ուղղությունն անպայման վնասելու է նաև Հայաստանին: Դեռ վերջերս էր, որ վրացական կողմը ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռ բերել բացել աբխազական ճանապարհը, որն առաջին հերթին անհրաժեշտ էր Հայաստանին, Լարսին այլընտրանք ունենալու համար: Իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհի բացման մասին խոսելն ավելորդ է դառնալու, մի հանգամանք, որը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին:

Ինչևէ, պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանը դժվար ժամանակներ է ապրում, և այսպիսի դժվար ժամանակներում պետք է լինել աչալուրջ, ողջամիտ և զերծ ցանկացած էմոցիոնալ պոռթկումներից: Մենք ունենք ազգային-պետական շահեր, որոնք պետք է կարողանանք պաշտպանել: Սա է օրվա հրամայականը:

Հ.Գ. Հուսանք, որ իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս շուտ և հնարավորինս առանց կտրուկ փոփոխությունների, որը կվնասի Հայաստանի շահերին, արտաքին առևտրի, կոմունիկացիոն, ուղևորափոխադրումների, ռեգիոնալ քաղաքական հարաբերակցության և այլ երևելի կամ աներևույթ շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել