Վերջին շրջանում համացանցում տարածված Նիկոլոֆոբիային որոշել էի չանդրադառնալ, բայց այդ երևույթը այնքան էժանագին դրսևորումներ է ստացել, որ ուղղակի անկարող էի մեկ-երկու տողով չանդրադառնալ: Մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի նախկին ընկերներն ու գործընկերները, ներքուստ համոզված լինելով, որ Նիկոլը մարդու և քաղաքական գործչի իր տեսակով իսկապես սիմվոլիկ է մեր խորհրդարանում, շարունակաբար շրջանառում են նրա վաճառված լինելու մասին վերլուծություններ: Այդ ազնիվ հեղափոխականները փորձում են աղճատել, սևացնել և զրոյի հավասարեցնել արդարության համար իսկապես ազնվորեն կռիվ տված մարդու անունը: Չգիտես ինչու այդ վերլուծություններում մշտապես շրջանցվում է այն թեման, թե ինչ էին անում այն ժամանակ իրենք, երբ Նիկոլը բանտարկված էր: Ինչո՞ւ երբեք չեք հիշում նրա անցյալի մասին: Ինքներդ վստահ եք, որ նրա անցյալի չնչին հիշատակումն անգամ անհամատեղելի է այն հեքիաթի հրեշի կերպարի հետ, որ փորձում եք արարել Նիկոլից:
Մի հացկերույթի ժամանակ, երբ մեր քաղաքական գործիչներից մեկը կրկին սկսեց Նիկոլին մեղադրել վաճառված լինելու մեջ, ես կոչ արեցի չայրել հետդարձի կամուրջները: Ասացի, որ ինքդ էլ համոզված ես, որ սխալ ես խոսում, բայց քանի որ ձեր ճանապարհները բաժանվել են, վհուկների որս եք սկսել: Անկախ նրանից, որ այսօր տարբեր կառույցներում եք, վաղը քաղաքական գործընթացները ձեզ կրկին մերձեցնելու են: Հիմա` ընտրական արձակուրդների շրջանում, տարակարծությունները բնական և նույնիսկ անհրաժեշտ են, սակայն շարունակվում է արատավոր քարոզչությունը՝ եթե մեր հետ չես, ծախված ես և իշխանությունների սպասարկուն...
Գոնե այն անուններին խնայեք, որոնք իսկապես արժանի չեն այս վերաբերմունքին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել