Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում է խոստանում: Այդ մասին հայտնում է Svenska Dagbladet թերթը, որի տվյալներով՝ հալչող սառցադաշտերից օրական օվկիանոս է թափվում երկուական խորանարդ կիլոմետր ջուր:

Այսպես՝ անցյալ հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հալոցք է գրանցվել Գրենլանդիայի մակերևույթի 40 տոկոսի վրա: Գրենլանդական սառցադաշտերի ջերմաստիճանի չափումներն սկսվել են 70-ական թվականներին: Ընդհուպ մինչև 90-ական թվականները դրանց ակտիվ հալվելու լուրջ ցուցանիշներ չեն գրանցվել, սակայն հետո գրանցվել են «ակտիվության մի շարք բռնկումներ», հատկապես 2007, 2010 և 2012 թվականներին: Գրենլանդիայի սառցե վահանի հալվելու այսօրվա տեմպերը կարող են համեմատվել միայն 2012 թվականի հետ, երբ գործընթացը ներառել էր գործնականում կղզու ամբողջ մակերևույթը:

Արդյունքում Գրենլանդիայի ափերը ողողող ծովերն ավելի ու ավելի շատ քաղցրահամ ջուր են ստանում, ինչը իր հերթին կարող է գլոբալ մասշտաբով ազդել ծովային հոսանքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել