ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով աշխարհում միջուկային զենքի թվաքանակը կրճատվում է, դրա հետ մեկտեղ այդ զենքն ունեցող երկրները շարունակում են այն արդիականացնել: Դա հետեւում է այն տվյալներից, որոնք հրապարակված են Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տարեկան հանդեսում, որը զետեղված է կազմակերպության կայքում:

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, որոնք միասին առաջվա պես տիրում են միջուկային զենքի պաշարների մոտավորապես 90 տոկոսին, շարունակել են կրճատել միջուկային սպառազինությունների իրենց պաշարները՝ ղեկավարվելով Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 (ՌՀՄ-3) պայմանագրի դրույթներին:

Ինստիտուտում ընդգծում են, որ 2018 թվականին երկրները հայտարարել են սահմանված ժամկետներում սպառազինության կրճատման լիմիտին հասնելու մասին: Ընդ որում՝ ՌՀՍ-3-ի գործողության ժամկետը կլրանա 2021 թվականին, եթե երկու երկրները չհամաձայնեն այն երկարաձգել:

«Ռուսական եւ ամերիկյան միջուկային ուժերի համաձայնեցված կրճատման շարունակման հեռանկարներն ավելի ու ավելի քիչ հավանական են դառնում՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական ու ռազմական տարաձայնությունները»,- հանդեսում մեջբերված է Ստոկհոլմի ինստիտուտի հետազոտող Շենոն Քայլի խոսքը: Նշվում է, որ 2019 թվականի սկզբի դրությամբ ինը երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը եւ Հյուսիսային Կորեան ունեին մոտավորապես 13,9 հազար միջուկային մարտագլխիկ:

Այդ ցուցանիշը պակաս է, քան 2018 թվականի սկզբին, երբ այն հասնում էր 14,5 հազարի: «Հանգուցային եզրակացությունն այն է, որ, չնայած 2018 թվականին միջուկային մարտագլխիկների թվի ընդհանուր կրճատմանը, միջուկային զենք ունեցող բոլոր պետությունները շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները»,- ասել է Ստոկհոլմի ինստիտուտի վարչության նախագահ Յան Էլիասոնը: Ճշտվում է, որ միջուկային մյուս պետությունների զինանոցները մեծ չեն, սակայն բոլոր այդ երկրները կա՛մ սկսել են զարգացնել, կա՛մ ծավալել միջուկային զենքի փոխադրման նոր համակարգեր, կա՛մ հայտարարել են նման ծրագրերի մասին: Որպես օրինակ փորձագետները նշում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Պակիստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել