Antifake.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որն իր գործունեության ընթացքում զբաղվել է ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ, Գլենդելում նախաձեռնել է այդ անձնանց նկատմամբ խտրականությունը դատապարտող բանաձև, ինչպես նաև մրցանակի է արժանացել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար, նշանակվելու է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։
Ըստ շրջանառվող լուրերի` Զարեհ Սինանյանը դիմում էր գրել և հրաժարվել Գլենդելի հանրային խորհրդի անդամությունից՝ Հայաստանում ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար դառնալու համար։
Սակայն լուրի ճշմարտացիությունը պարզելու համար որևէ պաշտոնական փաստաթուղթ չկար, իսկ վարչապետի խոսնակը AntiFake.am-ի այն հարցին, թե նշանակվելու է Սինանյանը քննարկվող պաշտոնում, ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել տեղեկությունը։
Արդեն այսօր՝ հունիսի 14-ին, կարող ենք փաստել, որ համացանցում շրջանառվող լուրերը և AntiFake.am-ի ենթադրությունը համապատասխանում են իրականությանը։
Ասվածի վկայությունը Սինանյանի ֆեյսբուքյան գրառումն է այն մասին, որ նա հրաժարվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից Հայաստանում նոր պաշտոն ստանձնելու համար և վարչապետի որոշումը Սինանյանին տվյալ պաշտոնում նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք Սինանյանի հասարակական-քաղաքական գործունեությունը և ներկայացրել նրա կապը ԼԳԲՏ համայնքի հետ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղմամբ։