Հնուց եկող կարծրատիպը կնոջ դերի մասին մինչև այսօր էլ մնում է մեր ենթագիտակցության մեջ: Անկասկած, իր բնությամբ կինը նախևառաջ մայր է, օջախի պահապան: Տղամարդիկ հայթայթողներ են ու զինվորներ: Կնոջ գործառույթն է` կայունացնել, պահել-պահպանել եղածը, ինչպես կա: Տղամարդկային ներուժն ուղղված է դեպի փոփոխություններն ու հեղաշրջումը: Բնության հետ դժվար է վիճել:

Իսկապես, նշանավոր գիտական հայտնագործությունները, արվեստի գլուխգործոցները ստեղծել են տղամարդիկ: Երկրի ամենահարուստ բնակիչները կրկին տղամարդիկ են… Այնուամենայնիվ, այսօր կանայք հակադրվում են բնությանը և կոտրում կարծրատիպերը: Նրանք ավելի հաճախ են հրաժարվում միայն տանը նստելուց ու երեխաներ մեծացնելուց, չեն բավարարվում ընդամենը տղամարդուն ուղղորդող «պարանոցի» դերով, այլև ցանկանում են ստանձնել «գլուխ» լինելու պատասխանատվությունը: 

Կնոջ բնությունը

Ժողովրդական իմաստությունը կնոջ բնության մասին ասում է` «Աստված չստեղծեց կնոջը տղամարդու ոտքից, որպեսզի դրանով նվաստացրած չլինի: Չստեղծեց գլխից, որպեսզի նա չգերազանցի տղամարդուն: Արարիչը կնոջը ստեղծեց կողոսկրից (որը սերտ միացած է մյուս կողոսրկրին), որպեսզի նա հավասարության մեջ գտնվի տղամարդու հետ»: 

Բացի այդ, կողոսկրը գտնվում է ձեռքի տակ: Դրանով Տերը հուշեց, որ տղամարդը պետք է պաշտպանի ու փայփայի կնոջը: Եվ վերջապես, այն գտնվում է սրտի շրջանում, իսկ դա վկայում է այն, որ կինը պետք է սիրված լինի տղամարդու կողմից»: 

Անխոս, ժողովրդական իմաստությունը գեղեցիկ է բովանդակությամբ: Բայց արդյոք մի՞շտ է այն համապատասխանում իրականությանը… Ցավոք, ոչ: Եվ դրա պատճառները բազմաթիվ են:

Ինչու՞ են կանայք ստանձնում հայթայթողի դերը

Նախ` ոչ բոլոր կանայք են ցանկանում կին մնալ, ուստի փորձում են իրենց տղամարդու դերում: Նրանք կան բոլոր ոլորտներում` բիզնեսում, գիտության մեջ, քաղաքականության մեջ, ղեկին… Լավագույն դեպքում դրա պատճառն այն է, որ որոշակի ներքին պոտենցիալ առաջ է մղվում և պահանջում իրացում: Կինը մտածում է, որ ինքն էլ արժանի է դառնալու անհատականություն, օգտակար լինել ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ, ապրել իր հետաքրքրությունների և հայացքների համաձայն: 

Բայց, ինչպես ասում են, մի գդալ աղը կաթսայում կարող է քիչ լինել, իսկ ափսեի մեջ շատ է: Ուստի պետք է առաջնորդվել «ոսկեմիջինի» օրենքով: Առաջին հերթին կինը պետք է մտածի ընտանիքի, ապա` կարիերայի ու անձնական աճի մասին: 

Կնոջ «առնականացման» մյուս պատճառը հաճախ կողակցի բացակայությունն է կամ էլ կողքին գտնվող այնպիսի տղամարդը, ում «անունը կա, ամանում չկա»: Տրամաբանական է, որ երբ կողակիցը չի իրականացնում պաշտպանի, հայթայթողի գործառույթները, կինն ինքն է ստանձնում այդ պարտականությունները, քանի որ ստիպված է դա անել: 
Ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում: Կինն աշխատում է, որպեսզի կերակրի ընտանիքը, բավարար ժամանակ չի տրամադրում երեխաներին, հոգնում է: Եվ գլխավորը` նման իրականությունն իր սրտով չէ, այլ պարտադրված է իրեն: Դժվար թե նա երազում էր այս մասին: Արդյունքում կինը դադարում է ապրել իր ընտանիքով, անձնական կյանքով. նա տարված է աշխատանքով, կարիերայով: Բոլորին ասում է, որ ժամանակը չի հերիքում, շնչելու ժամանակ չկա, ժամանակ չկա «կին լինելու» համար:
Իսկ երբ տուն է վերադառնում, հանում է բիզնես-լեդիի դիմակն ու ցածր լալիս: Այո, նա ունի սիրո, հոգածության, աջակցության կարիք, բայց այդ ամենին պարզապես էլ չի հավատում:

Ընտանի՞ք, թե՞ կարիերա. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն

Կանայք, ինչպես տղամարդիկ, տարբեր են: Ոմանք երազում են հաջող ամուսնանալ, երեխաներ ունենալ և երջանիկ են զգում մոր, քնքուշ կնոջ ու օջախի պահապանի դերում: Մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց աշխատանքի, առաջընթացի կարիերայում, առանց հասարակական գործունեության… Բայց և՛ առաջինները, և՛ երկրորդներն ունեն իրավունք լինելու երջանիկ:

Կանանց խորհուրդ է տրվում բացարձակ անկեղծ պատասխանել մի շատ կարևոր հարցի` «Դուք ձեզ երջանիկ զգու՞մ եք»: Եթե պատասխանը դրական է, ուրեմն` ձեր կատարած ընտրությունը ճիշտ է` լինի ընտանիք, թե կարիերա: Իսկ միգուցե կարողանում եք հաջող համատեղել և այն, և այն` հաճույք ստանալով կյանքի հագեցած ու ակտիվ ռիթմից:

Սխալ ընտրության հետևանքները

Եթե կարիերան կարևորագույն տեղ է գրավում ձեր կյանքում, ամենայն հավանականությամբ դուք բազմաթիվ ընտանեկան խնդիրների կբախվեք: Ի հայտ է գալիս փոխըմբռնման բացակայություն ամուսնու, երեխաների կողմից, մեղադրանքներ, կոնֆլիկտներ… Իսկ երբ գիտակցեք ձեր թերացումը, դժվար կլինի ուղղել սխալների արդեն ամբողջ շարքը, որոնց սերմը հենց դուք եք դրել:

Եթե «տան կին» եք, կրկին պետք է խորը մտածեք: Տղամարդկանց հետաքրքրում են կանայք, ովքեր զբաղվում են էլի ինչ-որ բանով` բացի տնից ու երեխաներից: Ձեզ համար ինչ-որ հոբբի, զբաղմունք գտեք: Չէ՞ որ ոչ այդքան բարդ, հոգեհարազատ աշխատանքը կարելի է համատեղել կնոջ պարտականությունների հետ: Ձեզ, անշուշտ, հաճելի կլինի ամուսնուն ու երեխաներին պատմել ձեր դրական արդյունքների և ձեռքբերումների մասին: 

Շատ ավելի բարդ վիճակ է բաժին ընկնում այն կանանց, ովքեր երջանիկ կլինեին` նստելով տանն ու երեխաներով զբաղվելով, բայց ամուսինն իրեն չի արդարացնում: Եվ նրանք ստիպված են և՛ աշխատել ընտանիքի ապրուստը հայթայթելու համար, և՛ հասցնել տան գործերը: Իսկ դա, իհարկե, շատ դժվար է:
Ամենակարևորը ինքդ քեզնից «գլուխ հանելն է», հասկանալը` որն է ձեզ համար ավելի կարևոր` կարիերա՞ն, թե՞ ընտանիքը: 
Հենց դա անելու համար առաջարկում ենք անցնել այս թեստը, որն այդպես էլ կոչվում է`

ԹԵՍՏ. 
Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր. ընտանի՞քը, թե՞ կարերան

1. Ո՞վ է տնօրինում ընտանեկան բյուջեն.
ա) Իհարկե, ամուսինս:
բ) Բոլոր ֆինանսական հարցերը լուծում եմ հիմնականում ես:
գ) Ես և ամուսինս միասին:

2. Հաճա՞խ եք տանը կերակուր պատրաստում.
ա) Այո, ես շատ եմ սիրում խոհանոցը և աշխատում եմ միշտ նոր բաղադրատոմսեր գտնել:
բ)Ոչ, ժամանակս դրա համար չի հերիքում:
գ) Ոչ հաճախ, բայց պատրաստում եմ:

3. Ինչի՞ հետ է կապված «հաջողակ լինել» հասկացությունը ըստ ձեզ.
ա) Տան, ընտանիքի, երեխաների հետ:
բ) Կարիերայի և նյութական ապահովության հետ:
գ) Աշխատավայրի և տան գործերը համատեղելու հետ:

4. Երեխայի հետ միասին զբաղվու՞մ եք տնային առաջադրանքով.
ա) Մենք միշտ միասին ենք պարապում, ես ամեն ինչ մանրակրկիտ ստուգում եմ:
բ) Հազվադեպ, անում եմ դա, որպեսզի տեղյակ լինեմ նրա առաջադիմությունից դպրոցում:
գ) Փորձում եմ վերահսկել նրա ուսման գործընթաց:


5. Հաճա՞խ եք ժամանակ անցկացնում ամուսնու հետ.
ա) Երբ նա ազատ է լինում, միշտ:
բ) Ըստ հնարավորության. կախված է աշխատանքային գրաֆիկից:
գ) Այո, մենք աշխատում ենք հաճախ լինել միասին:

6. Դուք կատարու՞մ եք ձեր տնային պարտականությունները.
ա) Այո, ես հենց դրանով էլ զբաղվում եմ:
բ) Հազվադեպ, հիմնականում դա անում է տնային աշխատողը (դուստրս):
գ) Մենք ամուսնուս հետ կիսել ենք այդ գործերն իրար մեջ:

7. Սիրում եք հեռուստատեսային սերիալներ.
ա) Այո, փորձում եմ իմ սիրած սերիալների ոչ մի մաս բաց չթողնել:
բ) Բոլոր այդ սերիալներն ինձ համար չեն:
գ) Մեկ-մեկ նայում եմ, եթե ինձ հետաքրքրում է:

8. Կարո՞ղ էիք միայնակ (առանց ամուսնու) դաստիարակել երեխային.
ա) Ինձ համար շատ ծանր կլիներ:
բ) Կարծում եմ, որ գլուխ կհանեի:
գ) Բարեկամներիս ու ընկերներիս օգնությամբ:

9. Ինչի՞ մասին եք հիմնականում պատմում ընկերուհիներին սուրճի սեղանի շուրջ.
ա) Ընտանիքիս, տան կահավորման, նոր իրերի, նոր բաղադրատոմսերի մասին:
բ) Աշխատանքիս, գործընկերների հետ խնդիրների, իմ ձեռքբերումների մասին:
գ) Ընտանիքիս, հոբբիիս, ընդհանուր առմամբ կյանքի մասին:

10. Հաճա՞խ եք տատիկին, դայակին խնդրում նստել երեխայի հետ.
ա) Ըստ էության` ոչ: Ես միշտ երեխայի հետ եմ:
բ) Գրեթե միշտ, ես այլ ելք չունեմ:
գ) Ոչ հաճախ, բայց լինում է:

11. Դուք բավարար ժամանակ տրամադրու՞մ եք քնին.
ա) Փորձում եմ լիարժեք քնել:
բ) Անհրաժեշտությունից ելնելով` քնում եմ գոնե 4-5 ժամ:
գ) Ինձ համար միշտ ժամանակ կա հանգստի համար:

12. Ինչպե՞ս եք վերաբերվում կանացի և տղամարդկային պարտականությունների մասին կարծրատիպերին.
ա) Դա հարմար տարանջատում է:
բ) Ամեն ընտանիք ինքն է որոշում դրվածքը:
գ) Կախված է զբաղվածության աստիճանից, իրավիճակից:

13. Պատրա՞ստ եք ընկերոջ, ծանոթի «ոտքի տակը փորել» հանուն կարիերային.
ա) Աշխատանքն ընդամենը եկամտի աղբյուր է:
բ) Պատրաստ եմ պայքարել պաշտոնի, առաջընթացի համար, բայց ոչ ընկերության գնով:
գ) Կախված է իրավիճակից:

14. Ի՞նչ նպատակով եք հիմնականում օգտագործում ինտերնետը.
ա) Ժամանցի և ինքնակրթության համար:
բ) Որպես աշխատանքային «գործիքներից» մեկը:
գ) Շատ տարբեր. այսօր այն մեր կյանքի անբաժանելի մասն է:

15. Ինչպե՞ս եք վերաբերվում գերադաս աշխատողի` ձեզ արված դիտողություններին.
ա) Ես չեմ աշխատում:
բ) Բացասաբար, բայց զուսպ:
գ) Նորմալ, եթե դրանք արդարացի են:

16. Կհամաձայնեի՞ք երկարատև գործուղման, եթե արդյունքում պաշտոնի բարձրացում պետք է լիներ.
ա) Ոչ, ես ոչ մի պարագայում երկարատև չէի հեռանա ընտանիքից:
բ) Այո, առանց որևէ կասկածի:
գ) Միգուցե, բայց անպայման ընտանիքիս հետ խորհրդակցելով:

 

ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Եթե ձեր պատասխանների մեջ գերակշռողը «ա» տարբերակն է, ապա, անկասկած, ձեզ համար գլխավորն ընտանիքն է: Եթե անգամ հետաքրքրում է կարիերան` որպես այդպիսին, ապա խոսքն ամուսնու աշխատանքի մասին է: Ամեն ինչ նորմալ է. դուք լավ կին եք, մայր ու տնտեսուհի: Բայց արժի, որ ավելի շատ ժամանակ տրամադրեք հենց ձեզ, գտնեք հետաքրքիր զբաղմունք: Սխալ է ապրել միայն երեխաների և ամուսնու կյանքով: Մարդու համար անհրաժեշտ է անընդհատ աճելն ու զարգանալը:
Մտածեք, միգուցե վաղուց պետք էր ձեռքի հետ մի աշխատանքով զբաղվել, կամ էլ խորանալ ստեղծագործական ոլորտում: Բայց սխալ կլինի կտրուկ փոխել ձեզ համար սովորական դարձած առօրյան:

Եթե ձեր պատասխաններում գերակշռում է «բ» տարբերակը, վստահաբար, ձեզ համար առաջնայինը կարիերան է: Հնարավոր է` դուք ապրում եք աշխատանքով, որովհետև դրանից հաճույք եք ստանում: Բայց մի մոռացեք ընտանիքի մասին, դա լիակատար երջանկություն է: Ձգտեք ճիշտ բաշխել ձեր ժամանակը: Անհնար է աշխատել բոլոր փողերը, բայց` շատ հեշտ ներվային տագնապ ստանալը մշտական անքնության ու աշխատանքային սթրեսի արդյունքում: Էլ չենք խոսում այն մասին, որ կդադարեք լեզու գտնել ձեզ հարազատ մարդկանց հետ:

Հնարավոր է` դուք աշխատանքային բարձունքների եք ձգտում, քանի որ ստիպված եք և իրավունք չունեք հիշել «հոգնել» բառը: Այդ դեպքում վերանայեք ձեր կենսական նպատակները: Չէ՞ որ կարևոր է երջանիկ կին լինելը: Հավատացեք կանացի երջանկությանը, ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել: Շատ հնարավոր է, որ ձեր կյանքում հայտնվի մի արժանի տղամարդ, ով թույլ չի տա ձեզ «լծկան եզի» պես առավոտից երեկո աշխատել:
Եթե ձեր պատասխանների մեծ մասը համընկել է «գ» տարբերակին, շնորհավորում ենք: Դուք փորձում եք պահպանել «ոսկե միջինը»: Կարիերան երբեք ընտանիքից ավելի կարևոր չի լինի ձեզ համար, բայց աշխատանքի մեջ էլ դուք բավականաչափ հաջողակ եք: Դուք, իհարկե, աննախադեպ հայտնագործություններ չեք անի, միլիոններ չեք աշխատի, բայց կպահպանեք ընտանիքի բարեկեցությունը, ձեր նյարդերն ու անհատականությունը:

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել