Հիշում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցրեց Արցախի ղեկավարության հասցեին, ես ուշադիր ուսումնասիրում էի վարչապետի կողքը կանգնած պաշտոնյաների վարքագիծը։ Այդ խոսքի վրա մի շարք պաշտոնյաների (կարող եք վիդեոն նայել, կիմանաք՝ ովքեր են) դեմքի ժպիտը ցինիկ էր ու վուլգար, դիտողի համար ուղղակի տհաճ։

Նման պահվածքից պարզ է դառնում, թե իմքայլական շատ պատգամավորներ իրականում ինչպիսի վերաբերմունք ունեն Արցախի և ընդհանրապես շատ այլ պետական ու քաղաքական գործիչների ու ընդհանրապես ռեալ քաղաքական իրողությունների նկատմամբ։ Փաշինյանի թիմի տարբեր ներկայացուցիչներ իրենց հարցազրույցներում մշտապես հայտարարում են, թե հակասություններ չեն տեսնում Արցախի իշխանությունների, այս կամ այն հայտնի գործչի հետ, բայց հաջորդ պահին կարծես միանգամից հակասում են իրենց՝ ցույց տալով իրենց ակնհայտ մեծամտությունն ու ցինիզմը։

Երեկ էլ վարչապետի մամլո խոսնակն իր հարցազրույցներից մեկում բառացիորեն նշել է, թե չի պատկերացնում, որ մեկը կարող է այդքան անխոհեմ գտնվել, որ որոշակի տարաձայնությունների մասին մտածի այս իշխանության հետ, և ո՞վ է այն խելագարը, որը հակադրության մեջ կարող է մտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։

Սա ոչ այլ ինչ է, քան դասական մեծամտության, անխոհեմության հերթական դրսևրում։ Հիշեք, պարոնայք, փիղը հզոր է, բայց նա էլ է ծնկի իջնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել