Կառավարության ձևավորման հարցում ձախողվելուց հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրություններին: Այդ ուղղությամբ նա ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները հասարակության տարբեր խմբերի և շերտերի համակրանքին արժանանալու համար: Նեթանյահուն արդարադատության նախարար է նշանակել իր կուսակից, բացահայտ համասեռամոլ Ամիր Օհանային, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել հասարակության պահպանողական հատվածի և հատկապես գործող վարչապետի պոտենցիալ կոալիցիոն գործընկեր կրոնական կուսակցությունների շրջանում:
Չբացահայտված աղբյուրների հավաստմամբ՝ Նեթանյահուն կրոնականներին հավաստիացրել է, որ որոշումը ժամանակավոր բնույթ է կրում, միտված է ձախ ընտրազանգվածից ԼԳԲՏ համայնքի քվեները շահելուն, և ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում այդ համայնքի որևէ ներկայացուցիչ պաշտոնի չի նշանակվելու: