Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նշենք, որ ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում եւ ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ ՀՀ նախագահի անունից երեկ Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:

Նշենք, որ հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել