Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում տղամարդը վիճակախաղով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել և շարունակել տաքսու վարորդի աշխատանքը: Նրա պատմությունը հետաքրքրել է բրիտանական Daily Star պարբերականին:

64-ամյա Գորդոն Ռիզը գնացել է մթերային խանութ գնումների, սակայն տեսնելով գները՝ ցանկացել է հեռանալ, բայց փոխել է միտքը և վիճակախաղի երկու տոմս գնել: Երեկոյան տղամարդը ստուգել է տոմսերը և պարզել, որ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ջեք փոթ է շահել: Նա կանչել է դստերը, քանի որ չի հավատացել հաջողությանը:

«Հաջորդ օրը մենք ծաղկի խանութից, որտեղ այդ ժամանակ աշխատում էր աղջիկս, զանգահարեցինք վիճակախաղի գրասենյակ: Նրանք կատարեցին բոլոր անհրաժեշտ անվտանգության ստուգումները և ասացին. «Շնորհավորում ենք պարոն Ռիզ, դուք միլիոնատեր եք», – պատմել է բրիտանացին:

Չնայած խոշոր շահումին՝ Գորդոնը շարունակել է աշխատել որպես տաքսու վարորդ: Նրա խոսքերով՝ նա սիրում էր այդ աշխատանքը և իրեն շրջապատող մարդկանց: Սակայն որոշ ժամանակ անց նա սկսել է իրեն մեղավոր զգալ ուղևորներից գումար վերցնելու համար՝ հաշվի առնելով իր կարողությունը: Ռիզը որոշել է թոշակի անցնել և թողել է աշխատանքը:

Շահումը փոխել է նրա կյանքը. այդ ժամանակ նա բաժանվել էր կնոջից: Ռիզն այդ գումարով տուն է գնել, ավտոմեքենա, ինչպես նաև վճարել երեխաների բուժման ծախսերը: Նա այժմ մասնաբաժին ունի իր սիրելի «Նոթս Քաունթի» ֆուտբոլային ակումբում: Ռիզն ուրախ է, որ ակտիվ հասարակական կյանք է վարում և ապագայում ուզում է կրկին ամուսնանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել