Նայեցի Մանվել Գրիգորյանի պատկերմամբ այսօրվա տեսանյութը, նորից զայրացա։ Զայրացա ու հիշեցի մեր ազգի մեծ մասի ինֆանտիլ պատկերացումները սոցիալական իրականության ու պատմական զարգացման մասին։ Է՛լ ավելի զայրացա՝ հիշելով, որ հաճախ այդ մանկամիտ մտայնությունները ներարկվում են դեմքի «մեծական» արտահայտություն ունեցող տարատեսակ կերպարների կողմից։
Ինֆանտիլություն է, երբ ասում են․ «Հասկացանք, որ կռվել ա, հալալ ա իրան, բայց դա հո չի՞ նշանակում, որ հետո պիտի ֆեոդալական համակարգ ստեղծեր»։ Հարգելի՛ ինֆանտիլներ, Մանվելի ու 1990-ականների բոլոր «Մանվելների» հանգամանքը հենց դա էլ նշանակում է։ Եթե հարյուրամյակներ շարունակ չես ունեցել պետություն ու բանակ, համապատասխան տրադիցիա, երբ ստիպված ես եղել կռվելու դաշտային հրամանատարներով, երբ եղած ամբողջ համակարգը փլուզվել է, ու բնական սելեկցիայով առաջին պլան են եկել ամենաանզիջումներն ու կտրականները, երբ ինստիտուտներն այնքան թույլ են եղել, որ մեկ մարդու լինել-չլինելը կարող էր մի ամբողջ պատերազմի ընթացք բեկել, ու երբ չես ունեցել կայացած ժողովրդավարական համակարգ (որովհետև, հիշեցնեմ, հարյուրամյակներով պետականության տրադիցիա չես ունեցել), բա էլ ի՞նչ պիտի լինի, եթե ոչ պատերազմական հերոսներից մի քանիսի «մանվելացում» պետության հետագա կառուցարկման ընթացքում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ շատերիդ ինֆանտիլությունը թույլ է տալիս մտածելու, որ կարելի է «Մանվելներով» պատերազմ հաղթել՝ չունենալով ամերիկյան կամ շվեյցարական բանակներ, բայց պատերազմից հետո Հայաստանից կառուցել ԱՄՆ ու Շվեյցարիա, սակայն կուզեի հիասթափեցնել ձեզ։ Գրողի տարած բարդ խնդիրները հեշտ լուծումներ չունեն, ու հարյուրամյակներով կորցրածը 1-2 տասնամյակում չես կառուցի, ինչքան էլ որ կոնսյումերիզմը կլանած լինի ձեր օրգանիզմի բոլոր բջիջները՝ ստիպելով կապրիզնի էրեխու պես ոտքերը հատակին խփել ու բղավել․ «Հիմա եմ ուզո՜ւմ»։
Այսքանը։