Հարգելի աջակիցներ,
Այսօր` հունիսի մեկին` առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածներում և 12 այլ քաղաքներում տեղի է ունեցել քաղաքացիական ակցիա, որը կրում է #ստիԾնունդը անվանումը։ Դրա ընթացքում ավելի քան 90 մասնակից ասֆալտին պատկերել է #sutnikol հեշթեգը։
Ակցիայի անցկացման խոչընդոտելու ուղղությամբ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձերբակալել մեր աջակիցներին տանից դուրս գալուն պես։ Սակայն դա մեզ չկանգնեցրեց՝ չնայած նրան, որ մի քանի մասնակից բերման ենթարկվեցին անգամ ակցիան չսկսած։ Փաստացի, Հայաստանի ցանկացած քաղաքացու համար այսուհետ այլևս անկանխատեսելի են իշխանությունների ջղաձգումները և կամընտրովի կիրառվող օրենքներն ու արդարադատությունը։
Թե՛ մեզ խոչընդոտելու և թե՛ բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը։ Բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, ու ևս մեկ անգամ պնդում, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում երկակի չափորոշիչներ՝ ջանալով ամեն կերպ խեղդել այլակարծությունը, քննադատությունը, իրական փաստերի և ստի բացահայտումը մեր կողմից։
Իշխանություններին նյարդայնացնում է ասֆալտին փռած և ծեփված ճշմարտությունը, մեր աջակիցների՝ երկրաչափական պռոգրեսիայով աճող թիվը, մեր գաղափարախոսության տարածումը։ Ողջ ժողովրդի աջակցության մասին սուտը միֆազերծված է։ Իրական աջակցություն վայելող ուժը չի վախենում գրաֆիտիներից, և իրական ժողովրդավար իշխանությունը չի վախենում ընդդիմությունից։
Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, ակցիաները շարունակվելու են թե՛ քաղաքացիական և թե՛ քաղաքական դաշտում։
Շնորհակալություն ենք հայտնում լուսաբանող ԶԼՄ-ներին և բոլոր մասնակիցներին, իսկ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել միանալ մեզ, կազմ-պատրաստ եղեք հաջորդ ակցիաներին։