Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7-11-ը համատեղ «Անխախտ եղբայրություն -2019» զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական կրակոցները:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման։ Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի` հարձակողական զինատեսակներ, հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան․ հասկանալի է, որ դա արվում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին` Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն, ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա․ Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնելու, ցրելու ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով` ղարաբաղյան, Տավուշ` հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: