Հարգելի ընկերներ, ուզում եմ անդրադառնալ մի կարևոր խնդրի, որը կարծես թե ուշադրության չարժանացավ մեզանում: Մայիսի 28-ին նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 101-ամյակը, սակայն, եթե չեմ սխալվում, միջազգային մեր հիմնական գործընկերներից այդպես էլ շնորհավորանքներ չեղան մեր ղեկավարությանը և անձամբ վարչապետ Փաշինյանին:

Ի զարմանս մեզ՝ Հայաստանի փոխարեն միջազգային քաղաքականության մեջ վճռորոշ նշանակություն ունեցող երկրների շնորհավորանքներն ուղղվեցին մեր հարևան Ադրբեջանի նախագահին: ԱՄՆ նախագահ Թրամփը էս էլ որ անգամն է, որ նամակ է գրում կամ ջերմ շնորհավորանքներ է ուղղում Ալիևին, իսկ Հայաստանին շնորհավորելու մասին անգամ չի էլ հիշում: Ազգային տոնի առիթով Ադրբեջանին շտապել էր շնորհավորել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ալիևի հետ Բաքվում նոր հանդիպում կունենա:

Պարզ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ խոշոր խաղացողները հաշվի են առնում ադրբեջանական էներգառեսուրսների նշանակությունը, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանն այդ երկրների համար կարող է մղվել երկրորդ պլան: Հայաստանը պետք է կիրառի տարբեր դիվանագիտական գործիքներ և աշխարհի հզորների համար դառնա առանցքային նշանակություն ունեցող երկիր, սակայն այս խնդիրները լուծելու և միջազգային մեկուսացումից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանն ընկած է ներքաղաքական ինտրիգներ փնտրելով և դատական համակարգը պաշարելով:

Դժվար է Փաշինյանի համար լուրջ աշխատանք տանել մեր միջազգային գործընկերների հետ, որի մասին է վկայում նաև այն, որ արդեն անցել է մեկ տարուց ավելի, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում հանդիպել ԱՄՆ բարձրաստիճան և քաղաքականության մշակման առումով վճռորոշ նշանակություն ունեցող որևէ պաշտոնյայի հետ: Այսպիսով՝ Փաշինյանը բարեփոխումները պետք է սկսի իր արտաքին քաղաքականությունը վեթինգի ենթարկելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել