ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում հայտնել է, որ Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի կողմից «Սևան» ազգային պարկի տարածքում կառուցված ապօրինի շինությունները կքանդվեն։
Վարդապետյանը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում մի շարք հողամասերի կառուցապատման փաստերը թաքցվել են, և այդ հողերը տրամադրվել են որպես վարձակալական իրավունքով հողամասեր։ Այդ գույքերից շատերը փաստացի գոյություն ունեն, սակայն փաստաթղթերում չեն հաշվառվել։
«Խոսքը հայտնի գույքերի մասին է․ մեկը «Հարսնաքար»-ն է, մյուսը՝ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունը։ Դրանց մի մասը գտնվում է ջրի մակարդակից ցածր, մյուս մասը՝ ոչ։ Կա գույք, որը պատկանում է Նորայր Փանոսյանին։ Բոլոր գործարքներն իրականացվել են ոչ թե ուղղակի պաշտոնատար անձանց հետ, այլ նրանց մայրերի, զոքանչների կամ փոխկապակցված իրավաբանական անձանց միջոցով։
Նշված առանձնատունը փաստացի պատկանում է Ռուբեն Հայրապետյանին։ Մեկ գույք պատկանում է Սասուն Միքայելյանին, մեկ այլ գույք՝ իրավաբանական անձի, որի ղեկավարը միջին օղակի պաշտոնատար անձ է։ Այս աշխատանքներն ընդգրկում են ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնատար անձանց»,- նշել է Վարդապետյանը։



