Երեկ՝ մայիսի 28-ին, Լոռու մարզպետարանի ՖԲ-յան էջում մարզպետի նորանշանակ տեղակալի՝ Գայանե Մարկոսյանի նշանակման գրառման տակ հարց գրեցի, թե ինչո՞ւ է տվյալ անձի կենսագրությունից հանվել Վանաձորի բժշկական (քույրական) ուսումնարանում սովորելու փաստը, և իմ գնահատողական մեկնաբանությունը թողեցի՝ գրելով «Լոռու փրկիչ» այն առումով, որ, այո՛, տվյալ անձը, չունենալով կառավարչական փորձ և ունակություններ, աչքի չի ընկել քաղաքացիական ակտիվ գործունեությամբ, իմ ընկալմամբ՝ չի կարող Լոռու մարզը ոտքի հանել կամ «փրկել»։ Իմ մեկնաբանությունից շուրջ 17 ժամ անց ոմն Օլեգ Մարկոսյան, հրապարակային ինձ վիրավորելով, հեռախոսահամարս է պահանջում, ապա Լոռու մարզպետարանի ՖԲ-յան էջից ջնջվում են իմ երկու գրառումները։
Օլեգ Մարկոսյանն անձնական նամակով է կրկնում այդ ամենը։ Իմ բազմաթիվ պնդումներին, որ ներկայանա, թե ո՞վ է ինքը, ի՞նչ կապ ունի Գայանե Մարկոսյանի հետ, վերոնշյալ Օլեգը չներկայացավ՝ շարունակելով վիրավորել և տղայական «բազառի» կանչել ինձ (իմ և Օլեգի անձնական խոսակցության մնացած մասը կարող եմ տրամադրել համապատասխան մարմիններին)։ Ըստ election.am կայքի՝ Օլեգ Մարկոսյանը բնակվում է Վանաձորում, տվյալ հասցեում է գրանցված նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, հետևաբար նրանք ամուսիններ են։ Դա է ապացուցում նաև Օլեգ Մարկոսյանի էջում տեղադրված լուսանկարը, որն արվել է մարզպետի տեղակալի ընտանիքին պատկանող հյուրատանը։ Սա ես համարում եմ կանխամտածված հետապնդում իմ ընտանիքի հանդեպ և մեր ազատ խոսքի սահմանափակման դրսևորում, քանի որ օրեր առաջ էլ մարզպետն է դատի տվել կնոջս՝ իբրև վիրավորանք հասցնելու համար։ Սուտ է, այս ամեն ընդամենը մեր քննադատական խոսքը և բողոքի ձայնը լռեցնելու համար է արվում։ Տեսնելով, որ մեր դեմ ուղղված դատական հայցից չվախեցանք և չլռեցինք, հիմա էլ անցել են «ռազբոռկայով» մեզ լռեցնելու տարբերակին։
Կոչս ուղղում եմ իրավապահ մարմիններին․ եթե իմ կամ իմ ընտանիքի հետ որևէ բան պատահեց, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Լոռու մարզպետի և նրա տեղակալի վրա։