Այսօր թերթերից մեկում հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծիք էր հայտնել, թե վերջին շրջանում ԲՀԿ-ի պասիվությունն ու լռությունը չարաշահումների հանդեպ չեզոքություն պահպանելու տպավորություն են թողել: Արձագանքելով Մինասյանի այս տեսակետին` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը zham.am-ի հետ զրույցում ասաց.
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր օրերում բրեժնեւյան ոգով դատողություններ անելը երեւի թե ինքնակայացման ինչ-որ մի միջոց է, սակայն նման ուղին ընտրած ցանկացած մեկը պիտի հաստատապես գիտակցի, որ սեփական դեմքը կորցնելու հաշվին պարբերաբար նմանօրինակ դատողություններ անելը հանգեցնում է վերջնական անդեմության:
Թե ինչո՞ւ ԲՀԿ-ն, ինչպես տվյալ պատգամավորն է ակնարկում, շատ ավելի զուսպ էր վերջին օրերի խորհրդարանական քննարկումների ժամանակ, հստակ ասվեց խմբակցության քարտուղարի կողմից` ռեալիթի շոուների մենք չենք մասնակցում, եւ թող իշխանությունն ինքն իր ներսի հակասությունները, որոնք այլեւս անթաքույց են, փորձի հարթել:
Եւ եթե ոմանք ակտվիություն ասելով հասկանում են անիմաստ հարցադրումներ ու ոչինչ չասող պոպուլիստական ելույթներ, ապա ԲՀԿ-ն երբեք այդ ճանապարհով չի գնացել ու չի գալու: Մենք տեսնում ենք, թե նմանօրինակ պոպուլիզմը, երբ բառերից բացի որեւէ կոնկրետ քայլ չի արվում, որքան թանկ է նստում ժողովրդի վրա: Ուստի, հայտնի եւ փորձված ճշմարտություն կա` խոսելուց եւ դատողություններ անելուց առաջ մտածելը չէր խանգարի: Համենայնդեպս, միչ օրս որեւէ մեկը չի բողոքել մտածելու վնասակար հետեւանքներից: Սա իմ խորհուրդն է հանրապետական պատգամավորին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=505032152883917&set=a.285037944883340.90842.100001314113176&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել