ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը տարուց ավելի է, ինչ սպասում է, որ նոր իշխանություննեը կիրականացնեն իրենց կողմից հորջորջված տնտեսական հեղափոխությունը, սակայն ժամանակն անցնում է, իսկ տնտեսական հրաշքն այդպես էլ չի այցելում մեր երկրին։

Առավել սթափ դատող մարդկանց համար պարզից էլ պարզ է, որ տնտեսական հեղափոխության մասին լոզունգներով իշխանությունները միայն ժամանակ են շահում, քանի որ կառավարությունը բավարար ջանք չի թափում, որպեսզի գրավիչ դարձնի մեր երկիրը ներդրումների և տնտեսական գործունեության համար։

Ներկայիս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ստիպված է ցույց տալ, թե գործընթաց կա տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ, իսկ դրա համար կիրառվում է ցուցադրականության ողջ գործիքակազմը։ Օրինակ՝ վարչապետը ՀՀ ԳԱԱ-ում տնտեսական հեղափոխության թեմայով և ոչինչ չասող գիտաժողով է կազմակերպում, որից հետո Սյունիքում ինչ-որ ներդրումային համաժողով է կազմակերպում, որում ներկայացվող ծրագրերի մեծ մասն էլ նախորդ տարիներից է գալիս։

Չկա որևէ լուրջ և ռազմավարական ծրագիր, որը կարող է լինել նոր կառավարության գործունեության արդյունքը։ Լավ կլիներ, որ տնտեսական հեղափոխության մասին անհարկի պոպուլիզմի փոխարեն իշխանությունները կարողանան կազմակերպել, օրինակ, տարածաշրջանի համար եզակի բիզնես ֆորում, որում ներկայացված կլինեն մեծաթիվ ներդրողներ և կքննարկվեն կոնկրետ ծրագրեր։ Իսկ «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը կարելի է պահպանել քաղաքական բրածոյացված տերմինների թանգարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել