Այսօր մեզ թույլ չէին տալիս մտնել Ազգային ժողովի այգի, սակայն Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Խորհրդարանը, դատարանները պետական կառույցներ են, որոնց դիմաց քաղաքացիներն իրավունք ունեն ակցիա իրականացնելու»:
Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ կարող են ակցիաներ անել, որտեղ ուզեն՝ թքած ունենալով օրենքի վրա, որովհետև հավաքների մասով օրենքում հստակ ասվում է, որ իրավունք չկա դատարանների մուտքը փակելու, իսկ մյուսներին արգելում են խորհրդարանի դիմացի այգում, որը բաց տարածք է, ակցիա անել:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ անցումային արդարադատության մասին խոսում է Սորոսի հիմնադրամի տնօրենը, ո՞վ է տվել այս կառույցին այսչափ իրավունք այսքան խառնվելու մեր ներքին գործերին, երկակի ստանդարտներով շարժվելու՝ իրենց կողմնակիցների համար ամեն ինչ օրինական դարձնելու, բայց մնացածին արգելելու:
Այդ ո՞վ ասաց, որ ինչ-որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հիմնադրամ Հայաստանի քաղաքացիների, ժողովրդի ունեցած իշխանության մեջ կարող է փայ է մտնել և արգելել այդ նույն ժողովրդին անել այն, ինչի իրավունքն ունենք Սահմանադրությամբ․ ի վերջո սա մեր երկիրն է, այլ ոչ թե Սորոսինը: