Ոչ մեկի մոտ այդպես էլ հարց չառաջացա՞վ, եթե վարչապետ Փաշինյանը խնդիր էր դրել արագ անցում կատարել դատական համակարգի բարեփոխմանը, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում դատարանների շրջափակման կոչը, չէ՞ որ այդ կոչից հետո համարյա բոլոր քաղաքական ուժերը միահամուռ անընդունելի համարեցին վարչապետի կոչը, իսկ վարչապետը դատական համակարգի բարեփոխումները կարող էր կատարել նաև առանց դատարանների շրջափակման շոուի։

Ոմանք կարծում են, թե դատարաններն արգելափակելու որոշումը վարչապետի խելագար մոտեցման արդյունք էր, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ դա այդպես չէ։ Եթե նայենք Փաշինյանի գործուն մասնակցությամբ մեկ տարուց ավել տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, ապա կտեսնենք, որ Փաշինյանին իշխանության է բերել փողոցը, իսկ փողոցի թուլանալու դեպքում թուլանալու է նաև Փաշինյանը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն օրինաչափությունը, որ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ փորձում է ակտիվացնել փողոցը, այսինքն՝ փողոցը տաք պահել։

Փաշինյանը որոշ ժամանակը մեկ փողոցի էներգետիկան ստուգելու և խթանելու քայլեր է ձեռնարկում։ Նախավերջին այդպիսի օրինակը Քաղաքացու օրն էր, որը կարելի է համարել, թե Փաշինյանի սպասածը չէր, քանի որ այն համատարած ոգևորություն չառաջացրեց մարդկանց շրջանում։ Տեսնելով փողոցի ուժի նվազման միտում՝ Փաշինյանը փորձեց մի նոր նախադեպով, այս անգամ՝ Քոչարյանի գործն օգտագործելով խթանել փողոցի ուժը և ստուգատես անցկացնել, թե ինչքանով է պահպանվել իր վարկանիշը։ Սակայն Փաշինյանի ստուգատեսը ցույց տվեց, որ իր վարկանիշը մեծ անկում է գրանցել, քանի որ իր կոչին արձագանքեցին միայն մոտ հազար հարյուր քաղաքացիներ։

Այսպիսով՝ դատարանների շրջափակման ամբողջ թատրոնը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն անվերադարձ կորցնում է իր քաղաքական կապիտալը, իսկ դա կանխելու միակ տարբերակը քաղաքացիների կյանքի իրական բարելավվումն է, որի ուղղությամբ պետք է վարչապետը օրուգիշեր մտածի, իսկ կառավարությունն ամեն օր քայլեր կատարի այդ ուղղությամբ։ Հանրությունն արդեն հոգնել է շոուներից և իր համար տեսանելի քայլերի է սպասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել