168.am-ը գրում է.

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի մարզադաշտում մայիսի 18-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը շրջանի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ:

Կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:

Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

«Իմ հանդիպումների շարքը սկսել եմ Իշխանաձորից, որովհետև այս համայնքը վերջին տարիներին եղել է ամենազարգացող գյուղերից մեկը: Այստեղ եմ ես պատասխան տալիս մադրիդյան սկզբունքներին, կազանյան համաձայնագրին և բանակցային գործընթացին առնչվող մնացած հարցերին: Մենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք ունենք, և պարտավոր ենք քայլ առ քայլ հասնել մեր վերջնական նպատակին: Ես այստեղ երդում եմ տալիս, որովհետև այստեղ են իմ մարտական և կուսակից ընկերները, համախոհները, հայրենակիցները, իմ ընտանիքը, որովհետև գիտակցում եմ ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեմ ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ավելացրել է Արայիկ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել