«Միսս Արմենիա 2017» թվականի հաղթող մոդել Լիլի Սարգսյանը այսօր նշում է ծննդյան 19-ամյակը: Գեղեցկուհին BlogNews.am-ին պատմել է անակնկալների, հետաքրքիր դրվագների և այն մասին, թե ինչպես է անցկացնելու օրը: Գեղեցկուհին նաև նշել է, որ հույս ունի՝ այս տարվա բոլոր երազանքները նույնպես կիրականանան:

«Ծննդյանս շնորհավորանքները դեռ կեսգիշերից են սկսվել հրավառությամբ, ամբողջ օրը դրսում եմ անցկացրել և նոր եմ տուն վերադարձել: Տանն արդեն տորթով դիմավորեցին, մոմերը փչեցի։ Շնորհավորանքներ եմ ստացել ընկերներիս կողմից, հարազատներից: Միայն ափսոսում եմ, որ մայրս երկրում չէ, բայց արդեն շնորհավորել է»:

Լիլին նշում է, որ ընկերներն առաջինն են շնորհավորում, միշտ հետաքրքիր անակնկալներ են մատուցում, և այսօր էլ բացառություն չէ․ «Ես ոչինչ չեմ պլանավորել այսօրվա համար, բայց ընկերներս ինձ գեղեցիկ վայր են հրավիրել, որի մասին դեռ ինքս էլ չգիտեմ»:

Գեղեցկուհին նշում է, որ յուրաքանչյուր տարի՝ ծննդյան օրը, սկսում է գիտակցել և վերլուծել նախորդ տարվա ձեռքբերումները. «Մեկ տարվա ընթացքում բավականին հաջողությունների եմ հասել, շատ ընկերներ եմ ձեռք բերել, բայց ամեն տարի ծննդյան օրս կարծես տխրություն կա ներսումս, բայց վախենում եմ մեծանալուց: Մանկուց այդպես է եղել»:  

Լիլիի երազանքները և նպատակներն ավելի շատ կապված են ընտանիքի հետ. «Ես Աստծուն միշտ խնդրում եմ, որ բոլորը լավ լինեն։ Իմ հիմնական ցանկությունն այն է, որ բոլորի դեմքին ժպիտ տեսնեմ: Դրանից ավելի եմ ուրախանում, քան նյութական արժեքներից»:

Այն հարցին՝ արդյոք ընկերները և մտերիմները լա՞վ գիտեն, թե ինչ նվեր կարելի է նվիրել, թե՞ երբեմն հարցնում են, Լիլին պատասխանում է. «Մտերիմներս գիտեն, որ օծանելիքի հանդեպ հատուկ սեր ունեմ։ Միշտ ստանում եմ տարբեր տեսակի օծանելիքներ․ դա իմ հիմնական թուլությունն է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել