Հեռավոր Արևելքի, Հարավային Ասիայի երկրները Հայաստանի համար հսկայական չիրացված հնարավորությունների դաշտ են: Այս առումով ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Չինաստան ունի նշանակալի կարևորություն: Այցի հետ կապված մի քանի դիտարկում. 

✔️ Այցը կրում է ճանաչողական բնույթ և կարևոր է երկկողմ հետաքրքրությունների հստակեցման, ընդհանուր ուղղությունների առանձնացման տեսանկյունից: Հետագա համագործակցության քայլերը քննարկելու են արդեն գերատեսչությունների մակարդակով:
✔️ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում մի շարք կարևոր շեշտադրումներ և ակնարկներ է արել հայ-չինական պատմական կապերի, Հայոց ցեղասպանության, երկկողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: 
✔️ Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Ենթակառուցվածքային կարողությունների զարգացումը Հայաստանի համար բավական կարևոր է տարածաշրջանային և գլոբալ կոմունիկացիոն ցանցերում ներգրավման տեսանկյունից: 
✔️Այցի հրավերը եղել է չինական կողմից: ՀՀ վարչապետը հրավիրված է՝ մասնակցելու ՉԺՀ ղեկավարի կազմակերպած «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Սինգապուրի, Հնդկաստանի, Հունաստանի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։
✔️ Հայ-չինական հարաբերությունների քաղաքակրթական և պատմական պլաստերի հանրայնացումն ու բարձրաձայնումը կարևոր է և անհրաժեշտ, եթե հաշվի առնենք չինական կողմի աշխարհընկալման առանձնահատկությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել