Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական շփումը, ինչպես կանխատեսվում էր, կայացել է Բրյուսելում:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան զրույցի մանրամասները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Չինաստանից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։

«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասաց Կարապետյանը։

Կարապետյանը հիշեցրեց, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Ավելի վաղ նրանք շփվել էին միայն ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում միջազգային ֆորումների ժամանակ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել