Antifake.am-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացումը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Հետաքրքիր է, որ նախորդ տարի մայիսին, երբ նոր էին սկսվել այգու կառուցման շինարարական աշխատանքները, մի խումբ ակտիվիստներ ակցիաներ էին կազմակերպում, պահանջում էին այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները նույնիսկ ներխուժեցին քաղաքապետարանի շենք` ցանկանալով հանդիպել Տարոն Մարգարյանին: Սակայն հանդիպում տեղի չունեցավ:

Ակցիաները ուղեկցվում էին «Տարոն, հեռացիր», «Տարոն հանցագործ», «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» կոչերով, համացանցում տարածվում էին լուսանկարներ այգու նախկին և ներկա տեսքերի նկարագրությամբ, շրջանառվում էր #Taroff հեշթեգը: Ակցիաների աջակիցներից էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, Տիգրան Մազմանյանը, Անի Խաչատրյանը, Վաչե Ղարիբյանը և շատ ուրիշներ, որոնք հայտնի են ներկայիս իշխանությունների հետ իրենց սերտ կապերով, իսկ այն ժամանակ նաև քաղաքային իշխանությունների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքով: Ակտիվիստների կողքին էր նաև ԱԺ ներկայիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

2018թ. հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: «Բնապահպանների» և «ծառերի պաշտպանների» բողոքը ավարտվեց, և կրքերը հանդարտվեցին:

Սակայն անցած տարի համացանցը և ֆեյսբուքյան իրենց էջերը այգու նկարներով ողողած ակտիվիստները այսօր ընդհանրապես չեն անդրադառնում այս թեմային: Միթե՞ այլևս չի հետաքրքում այգու ճակատագիրը, և «ուզբեկական խալիները» սկսել են դուր գալ նրանց:

Այս լռությունը զարմանալի չէ: Ակտիվիստները, որոնք նախկինում «անձնուրաց պաշտպանում էին» մշակութային արժեք համարվող Աֆրիկյանների տունը, Արամի 23-ը, Մաշտոցի պուրակը, այս տարվա սկզբին անուշադրության մատնեցին նախկին Լուսավորության նախարարության շենքի քանդումը:

Սա գալիս է հաստատելու այն փաստը, որ իրենց բնապահպան և ճարտարապետական հուշարձաններով մտահոգված համարող ակտիվիստները ունեին կոնկրետ քաղաքական շահեր, և վերը նշված հանգամանքները օգտագործում էին այդ շահերը առաջ տանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել