ԱՄՆ-ի՝ ԻԻՀ հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալուց անցել է մեկ տարի, և այս ընթացքում որոշակի տեղաշարժեր են տեղի ունեցել այս տիրույթում։
Իրանական կողմը, ինչպես և հայտարարել էր ի սկզբանե, հավատարիմ մնաց միջուկային համաձայնագրին և շարունակեց համագործակցությունը համաձայնագրի անդամ մնացած երկրների հետ՝ հայտարարելով, որ հավատում է վերջիններիս հնարավորություններին։
Բայց փաստը ցույց տվեց, որ իրանական կողմի հետ ֆինանսաբանկային և նավթային տարբեր գործարքների մեջ գտնվող երկրների համար եթե ոչ անհնար, ապա առնվազն բավականին բարդ է առանց ԱՄՆ համաձայնության և, այսպես ասած, թույլտվության շարունակել հետագա գործարքները, քանի որ գաղտնիք չէ՝ ներկայիս աշխարհում, ինչպես մի անգամ շատ տիպիկ բնութագրել է Ֆրանսիայի ֆիանսների նախարար Բրունո Լը Մերը, ԱՄՆ-ը համարվում է ֆինանսական աշխարհի ոստիկան և ցանկացած պահի կարող է պատժամիջոց կիրառել որևէ երկրի նկատմամբ՝ դադարեցնելով միջազգային բանկային փոխանցումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ նույն պաշտոնյան առաջարկել էր ստեղծել ֆինանսական այնպիսի համակարգ, որի շնորհիվ կկարողանան եվրոպական երկրները ԱՄՆ-ից անկախ Իրանի հետ ֆինանսական գործարքներ կատարել, և որին կկարողանային միանալ այն պետությունները, որոնք կուզենային, սակայն, այդ ծրագիիրը կյանքի չկոչվեց՝ հավանաբար բախվելով ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ միջուկային համաձայնագրում ընդգրկված երկրների աշխարհաքաղաքական շահերի հետ։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև ԱՄՆ վարչակարգում տեղի ունեցած փոփոխությունները (հակաիրանական արմատական հայացքներով աչքի ընկնող կադրերի՝ Մայք Պոմպեույի և Ջոն Բոլթոնի նշանակումները), և այդ փոփոխությունների տրամաբանության ծիրում տեղավորվող ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում որդեգրած նոր քաղաքականությունն ու կատարած քայլերը, իրանական կողմը որոշել է մասնակիորեն դուրս գալ միջուկային համաձայնագրից՝ մնացած կողմերին (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) տալով 60 օր ժամանակ՝ կատարելու իրենց կողմից ստանձնած ֆինանսաբանկային և նավթային գործարքները, հակառակ դեպքում սպառնալով ամբողջությամբ դուրս գալ միջուկային համաձայնագրից։
Ինչևէ, պետք է փաստել, որ աշխարհում և տարածաշրջանում սկսվում են նոր և ինչ-որ տեղ նաև անկանխատեսելի գործընթացներ, որոնց անպայմանորեն պետք է ակնդետ հետևել և հնարավորինս ճիշտ դիրքավորվել, քանի որ այս ամենը կատարվում է անմիջականորեն մեր քթի տակ, հետևաբար չենք կարող անմասն մնալ տեղի ունեցող գործընթացներից։