Վերջին մի քանի օրերին ռուսական օդատիեզերական ուժերը և սիրիական բանակային ստորաբաժանումները, նրանց դաշնակիցները տարաբնույթ գործողություններ են իրականացնում Սիրիայի Իդլիբ նահանգը վերահսկող հիմնական ահաբեկչական խմբավորումների դեմ: Դրանց ի պատասխան՝ շրջանը վերահսկող «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը և մյուս խմբավորումները հրթիռներ են արձակել Իդլիբին հարևան Լաթակիա, Հալեպ, Համա նահանգների ուղղությամբ: Մայիսի 6-ի երեկոյան մոտ 12 կմ հեռավորությունից «Град» կայանից արձակված 5 հրթիռ ընկել է Քեսաբում, վիրավորվել են 2 հայ բնակիչներ, որոնք տեղափոխվել են Լաթակիայի հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարկ է նշել, որ այդ միջադեպում հայկական բնակավայրի թիրախավորումն առանձնահատուկ բնույթ չի կրում, այլ տեղավորվում է ահաբեկչական խմբավորումների պատասխան գործողությունների տրամաբանության մեջ: Զուգահեռաբար նշված կառույցներն ԱԹՍ-ների միջոցով փորձել են հարվածել նաև Լաթակիայի Հմեյմիմ ռուսական ռազմաբազային:
Կառավարական ուժերն իրենց հերթին Իդլիբին հարակից ուղղություններով փորձում են ամրապնդել հիմնական ենթակառուցվածքները և ձևավորել որոշակի մակերեսով անվտանգության գոտի՝ Իդլիբի դեմ առավել լայնամասշտաբ գործողությունների պարագայում հարևան առանցքային քաղաքների՝ Հալեպի, Լաթակիայի, Համայի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Վերոնշյալի համատեքստում նաև կարելի է կանխատեսել, որ Իդլիբի շուրջ իրավիճակի թեժացմանը զուգահեռ և հատկապես նահանգի դեմ առավել լայնամասշտաբ ռազմագործողությունների նախաձեռնման դեպքում, կարող ենք ականատես լինել շրջանում գործող ահաբեկչական խմբավորումների ավելի լուրջ պատասխան գործողությունների, որոնց անուղղակի թիրախ կարող են դառնալ նաև հայերով բնակեցված բնակավայրեր: