Politik.am-ը գրում է.

Medium.com կայքը հրապարակվել է հոդված՝ անդրադառնալով #SutNikol նախաձեռնությանն ու նրա անդամներին: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, Politik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե՞ հնարավո՞ր է՝ Հայաստանի իշխանությունները կապ ունենան այդ հոդվածի հետ, պատասխանում է. «Իհարկե կապ ունեն: Դա իշխանություններին կից սատելիտներն են արել՝  իշխանության ԼԳԲՏ ներկայացուցիչները, իշխանության գրպանային քաղհասարակությունը, Դանիել Իոաննիսյանը, Լարա Ահարոնյանն ու մյուսները»:

Սամսոնյանի խոսքով՝ պարզվում է՝ իշխանություններին ամենաշատ «նեղություն» տվողը, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությանը մնալուն ամենաշատ վնասողը #SutNikol նախաձեռնությունն է, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն, «Ադեկվադ» խումբը, AntiFake.am կայքը.«Մենք գործել ենք արդյունավետ, փաստորեն, հիմա էլ ավելի արդյունավետ ենք գործելու: Եթե դա իրենց լուրջ վնաս է տվել, մենք կապահովենք ավելի լուրջ վնաս իրենց համար: Սա ես անձամբ խոստանում եմ: Սա կտեսնեն բոլորը, անգամ նրանք, որ մտածում են, որ միգուցե ինչ-որ բան կփոխվի, բայց իրենք էլ ինտուիտիվ վստահ են, որ ոչինչ չի փոխվելու: Իրենք ևս կտեսնեն իրենց առաջնորդի սուտ լինելը, իրենց իշխանության սուտ լինելը»:

Այսօր՝ Մամուլի ազատության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ «մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում»: Մեր հարցին, թե այս կոնտեքստում AntiFake.am-ի, և, ընդհանրապես, ազատ խոսքի հանդեպ ճնշման չե՞նք առնչվում, Սամսոնյանը նշում է.«Սա ազատ մամուլի հանդեպ ճնշում չէ, բայց ճնշման փորձ է, և ոչ միայն մամուլի: Իրենք շատ փոքր են, որ սրանով մեզ կարողանան ճնշել: Ուզում եմ կարևոր նկատառում անել՝ եթե «Քաղաքացիական գիտակցությունը»  հասարակական կազմակերպություն է, «ԱդեկվաԴ»-ը հասարակական միավորում է, եթե Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը անհատներ են, որոնք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն, ապա AntiFake.am-ը լրատվական կայք է: 

Նիկոլ Փաշինյանը կարող է ասել ամեն ինչ, սակայն նրա ասած յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր թեզ ճշտման կարիք ունի, որովհետև, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ իր մեջ պարունակելու է ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի տարրեր»,-ամփոփում է Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ հակահարվածը շատ չի ուշանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել