ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատակը սոցցանցերում և կայքերում լայն քննարկման առարկա դարձավ, սակայն ինձ մի ուրիշ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ բովանդակություն ունեն այսօր հայ-ռուսական հարաբերությունները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարվա դեկտեմբերին վարչապետ Փաշինյանին խոստացել էր, որ 2019 թ․-ի հունվարին պաշտոնական այցով գալու է ՀՀ, սակայն այդ այցը ձգձգվեց և այդպես էլ չկայացավ։ Հիմա էլ հայտարարում են, որ այս տարի Պուտինն անպայման այցելելու է Հայաստան, սակայն ինձ թվում է, որ այդ այցն այդպես էլ չի կայանա։ Ավելին՝ դադարել է ՌԴ-ից ներդրումների հոսքը, չկան համատեղ խոշոր նախագծեր, հայ-ռուսական հարաբերությունները մի տեսակ սառել են։

Իսկ հիմա հայ-ռուսական հարաբերությունների բովանդակային հարցերը շոշափելու փոխարեն շատերն իջել են քուչի տղաների մակարդակի։ Ինձ հատկապես զարմացրեց Մեդվեդևի կատակի շուրջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը։ Վերջինս հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու հարցեր քննարկելու փոխարեն բացատրում էր, թե ինչ է նշանակում լինել «դուխով»։ Մի քիչ արտառոց դեպք է, քանի որ Ալեն Սիմոնյանը այդպես էլ չգիտակցեց, որ ինքը ԱԺ փոխնախագահ է, ոչ թե իրենց քուչի բեսեդկում հավաքված նարդի խաղացողների փոխնախագահը։ Կարծում եմ՝ անուշադրի սպիրտը կսթափեցնի Ալենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել