Երևի կհիշեք, թե ոնց էր քաղաքապետարանը պայքարում քաղաքի կայանատեղիների դեմ՝ չստեղծելով դրանց որևէ այլընտրանք։ Սկզբում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի սեփականատիրոջն ու «Ամերիա» բանկի սեփականատերերին մերժեցին Շահումյանի հրապարակում ավտոկայանատեղիներ տրամադրել` պատճառաբանելով, որ դա հրապարակ է, և հրապարակը պետք է դատարկել։ Հետո մերժվեցին Տերյան 69 և Նալբանդյան 98 շենքի հ. 13, 16, 26 և 35 հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները, որոնք ներկայացրել էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովն ու «Տաշիր գրուպի» սեփականատիրոջ հայրը՝ Սարգիս Կարապետյանը (նկարը՝ ստորև)։

Ու այսօր մեր պանծալի քաղաքապետ Կարգին Հայկոն մի շարք այլ որոշումների հետ մեկտեղ ավտոկայանատեղիի թույլտվություն է տրամադրում Չարենցի 24 հասցեում գտնվող «Զիգզագ» ընկերությանը (հղումն՝ այստեղ), որի համասեփականատերերից մեկը, ըստ օդում կախված լուրերի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրն է (նկարները՝ ստորև)։

Հիմա ո՞նց է ստացվում, պարոն «արդարամիտ» քաղաքապետ, ձերոնց կարելի է արտոնություններ տալ, իսկ чужой-ներին՝ ո՞չ։ Հետո էլ զարմանում եք, թե ինչու են քաղաքում ամեն օր առանց պատճառի խցանումներ լինում։ Որովհետև մեր «կարգին» քաղաքապետի «անկողմնակալ» կառավարման արդյունքում ոչ միայն չի խստացվում աջ ու ձախ կայանատեղիներ տրամադրելու հարցը, այլև հակառակը, դրանք տրվում են մերձավոր շրջապատի մարդկանց։ 

Ու հենց այստեղ է, որ բառ առ բառ համընկնում է Օրուելի «Անասնաֆերմայում» մեջբերված կարգախոսը․ 

«ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒՍՆԵՐԸ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել